Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Վարչապետը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:

Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին:

Ինչպես երեկ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Հայաստանից հետո համանախագահները մեկնելու են Արցախ։

Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում՝ հյուրընկալող կողմի կազմակերպած եզրափակիչ ճաշի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։

Մեկնաբանել