«Հայելի» ակումբի գործով 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

«Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով մեղադրանք է առաջադրվել 4 անձի․ հաղորդում է Քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (խմբ․ – Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդացե՛ք՝

«Հայելի» ակումբի գործով 4 երիտասարդ ներգրավվել է որպես կասկածյալ․ Քննչական կոմիտե

Մեկնաբանել