Առաջին և վերջին չկեղծված նախագահական ընտրությունը․ 16 հոկտեմբեր, 1991 թվական

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում տեղի ունեցան առաջին նախագահական ընտրությունները, որոնք ընդունված է անվանել միակ չկեղծվածը հանրապետության նախագահական ընտրությունների պատմության մեջ:

Նախագահական անդրանիկ ընտրություններում առաջին և վերջին անգամ քվեարկվում էր նաև փոխնախագահի պաշտոնը:

ՀՀՇ-ի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում էր Գագիկ Հարությունյանը, որը նախկին կոմունիստ էր և զբաղեցնում էր խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը 1990-ի օգոստոսից ի վեր: Հետագայում նա պետք է դառնար վարչապետի պաշտոնակատար, ապա երկար տարիներ՝ Սահմանադրական դատարանի նախագահ՝ մինչև 2018-ի մարտ:

Գագիկ Հարությունյանին էր վիճակվելու նախագահական կեղծված ընտրությունները օրինականացնողի դերը 1996-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին։ Այդ «պարտականությունը» պարոն Հարությունյանը բարեխղճորեն անում էր և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար։

1991-ի այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, Տեր-Պետրոսյանը ազատ և արդար ընտրություններում ստացավ քվեների ավելի քան 83 տոկոսը կամ 1 260 433 ձայն:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Պարույր Հայրիկյանը՝ ստանալով քվեների շուրջ 7 տոկոսը: Նրա թեկնածությունը առաջադրել էր ԱԻՄ-ը: Փոխնախագահի պաշտոնում Հայրիկյանի հետ առաջադրվել էր Հայոց Քրիստոնեա-Ժողովրդավարական միություն ներկայացուցիչ Ազատ Արշակյանը:

Ընտրություններից մի քանի օր անց Բաղրամյան պողոտայում Հայրիկյանը և ԱԻՄ-ականները սև դրոշներով երթ կազմակերպեցին։ Այսպես էին նրանք ընդունել ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը։

ՀՅԴ թեկնածու Սոս Սարգսյանը ստացավ քվեների 4,3 տոկոսը: Նրա հետ փոխնախագահի պաշտոնում առաջադրվել էր Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ-ի նման ցածր տոկոսը շոկ էր Սփյուռքի դաշնակցական շրջանակների համար։

Զորի Բալայանը, որն առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ, ստացավ քվեների 0,45 տոկոսը: Նրա հետ փոխնախագահի աթոռի համար պայքարում էր ԵՊՀ դոցենտ Հարություն Մարզպանյանը:

Քաղաքացիական նախաձեռնությամբ էր առաջադրվել նաև Ղարաբաղ կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը, որի հետ փոխնախագահի աթոռի համար պայքարում էր Սուրեն Զոլյանը: Ղազարյանը ստացավ քվեների 0,39 տոկոսը:

Ընտրություններում վերջին տեղը զբաղեցրեց ՀՀԿ-ի առաջնորդ և թեկնածու Աշոտ Նավասարդյանը՝ ստանալով քվեների 0,16 տոկոսը: Փոխնախագահի համար Նավասարդյանի հետ պայքարում էր ՍԻՄ առաջնորդ Հրանտ Խաչատրյանը:

Հետագայում ՀՀԿ-ն իր պաշտոնական կայքում՝ Պատմություն բաժնում, չի հիշատակել, որ կուսակցությունը իր առաջնորդով որպես թեկնածու մասնակցել է նորանկախ Հայաստանի անդրանիկ նախագահական ընտրություններին:

1991-ի հոկտեմբերի 16-ի ընտրությունների նախագահի և փոխնախագահի 12 թեկնածուներից 4-ը կյանքից հեռացել են՝ Աշոտ Նավասարդյանը՝ 1997-ի նոյեմբերի 3-ին 47 տարեկանում, Ռաֆայել Ղազարյանը՝ 2007-ի նոյեմբերի 3-ին 83 տարեկանում, Սոս Սարգսյանը՝ 2013-ի սեպտեմբերի 26-ին 83 տարեկանում, Վահան Հովհաննիսյանը՝ 2014-ի դեկտեմբերի 28-ին 58 տարեկանում:

Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հեռացել է քաղաքականությունից, թեև շարունակում է գլխավորել Հայ ազգային կոնգրեսը։ Գագիկ Հարությունյանը 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո հեռացվեց քաղաքականությունից, այն է՝ բարձրագույն դատական համակարգից։

Պարույր Հայրիկյանն ու Ազատ Արշակյանը շարունակում են մնալ քաղաքականության մեջ, սակայն լուրջ ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների վրա։

Զորի Բալայանի անունը ժամանակ առ ժամանակ հիշատակվում է Մարտի 1-ի գործով անցնող և անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների շարքում, իսկ Հարություն Մարզպանյանի մասին տեղեկություններ չկան։

Հրանտ Խաչատրյանը և Սուրեն Զոլյանը ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվում։

1991-ի հոկտեմբերի 16-ի ընտրությունը ուշագրավ է նաև նրանով, որ որևէ այլ համապետական ընտրություններում՝ նախագահական կամ խորհրդարանական, քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի չի հաջողվել ստանալ 83 տոկոս քվե, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանին։

Հետագայում՝ 1996-ի չարաբաստիկ, կեղծված նախագահական ընտրությունների շրջանում, Տեր-Պետրոսյանը, որն ստացավ կրկնակի պակաս ձայն՝ 647 հազար, պիտի խոստովաներ․ «1991 թվականին ես հաղթել եմ ազգային ազատագրական շարժման ռոմանտիկ ալիքի վրա»։

Այդ արդյունքին մոտ էր Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որը 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացավ քվեների 70 տոկոսը։

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Մեկնաբանել