Գյումրիում կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի նոր շենք

Կառավարությունը հոկտեմբերի 17-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ», «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ների, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: Որոշմամբ կբարելավվի նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի շենքային պայմանները, ինչպես նաև կապահովվի Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման գործընթացը։ Այդ աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետբյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 444 միլիոն. դրամի չափով:

Մասնավորապես, նախատեսվում է Գյումրիում «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ուսումնամարզական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կառուցել նոր մարզակառույց՝ Գյումրիի Մովսես Խորենացի 92 հասցեում:

Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ է, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019):

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել