ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Հրայր Թովմասյանի հոր տուն

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։ Այս մասին տեսանյութ է հրապարակել News.am-ը։

Հրայր Թովմասյանի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը իր տուն ԱԱԾ քննիչների այցելությաննմասին ասել է, թե ընդամենը հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։

Այսօր ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահի հայրն ու դուստրերը։

«Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»,- գրել է Մելիքյանը։

․․․

Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել է, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Բաբաջանյանը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով։

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժել էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը, որի համար դիմել էր Ազգային ժողովը։ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 17-ին հրապպարակել է իր որոշումն ամբողջությամբ։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել