«Ավրորա» ֆորումին զուգընթաց Դիլիջանում կօծվեն նոր կառուցվող եկեղեցու հիմնաքարերը

Դիլիջանում, որտեղ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը իրականացնում է մշակութային, կրթական և զբոսաշրջային ոլորտի զարգացման ծրագրեր, հոկտեմբերի 18-ին կանցկացվեն բազմազան միջոցառումներ «Ավրորա» ֆորումի շրջանակում:

Կրթական համաժողովներից մինչև երաժշտական, մշակութային ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներից մինչև ցուցահանդես-վաճառքներ և UWC Դիլիջան դպրոցի 5-ամյակին նվիրված տոնակատարություններ, որոնք կմիավորեն UWC Դիլիջան դպրոցի ողջ համայնքին և հյուրերին:

Օրը կմեկնարկի Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում հիմնադրված UWC Դիլիջան դպրոցում «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողովով, որը բաղկացած է լինելու 2 մասից՝ «Երիտասարդական Ավրորա» և Aurora Dialogues քննարկումներից:

UWC Դիլիջան միջազգային դպրոցի հնգամյակին նվիրված տոնակատարությունները անցկացվելու են դպրոցի տարբեր հատվածներում: Դպրոցի հիմնական քայլուղին կվերածվի համայնքային ծրագրերի ներկայացման, ձեռքի աշխատանքների և սննդի ցուցահանդես-տոնավաճառքի: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ UWC Դիլիջան դպրոցի սաներին, Դիլիջանի և այլ համայնքների միջև իրականացվող ծրագրերին, ձեռք կբերեն հետաքրքիր հուշանվերներ և կվայելեն դպրոցի 5-ամյակին նվիրված երեկոյան համերգը:

Այդ օրը UWC Դիլիջան միջազգային դպրոցում տեղի կունենա նաև Եվրոպական մշակութային խորհրդարանի 2019 թ. «Մարդասիրություն, մշակույթ, կրթություն» խորագրով համաժողովը:

«Ավրորա» ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերը Դիլիջանում կմասնկացեն նաև «Կիրիլ Դեմյան» միության ակորդեոնի համերգին` նվիրված Դիլիջան քաղաքի 475 ամյակին:

«Ավրորա» ֆորումի միջոցառումներին զուգընթաց, քաղաքում տեղի կունենա Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու 16 հիմնաքարերի օծման արարողությունը, ինչը մեծ կարևորություն ունի դիլիջանցիների համար:

Եկեղեցու կառուցումն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում: Ըստ նախագծի՝ նոր եկեղեցին տեղակայվելու է Աղստև գետի ափին՝ միտված լինելով զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները և դառնալով Դիլիջան քաղաքի սիրտը:

Արդեն կես դարից ավելի է, ինչ Դիլիջանը չունի սեփական եկեղեցին: Այսօր կրոնական ծառայությունները իրականացվում են Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում: Նոր եկեղեցու կառուցման շնորհիվ հոգևոր ծիսակատարություններին Դիլիջանում կկարողանա մասնակցել 300-ից ավելի բնակիչ:

Նոր կառուցվող եկեղեցին կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրերը, որոնցից են UWC Դիլիջան դպրոցը, Համայնքային կենտրոնը, բարեկարգված քաղաքային այգին, Արվեստների և արհեստների կենտրոնը (MADE) և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել