Ես ԽՍՀՄ ԱԳՆ-ի մամուլի խոսնակը չեմ. Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Ալիևի՝ Սոչիի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հոկտեմբերի 17-ի ճեպազրույցի ժամանակ խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս Սոչիում արած հայտարարությունը, թե «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ամբողջ աշխարհի կողմից ճանաչվել է «որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։

«Ի՞նչ է նկատի ունեցել Ադրբեջանի նախագահը» հարցին Զախարովան պատասխանել է․

«Ես ԽՍՀՄ ԱԳՆ-ի մամուլի խոսնակը չեմ։ Չեմ կարող մեկնաբանել քաղաքական գործիչների հայտարարությունները Ուկրաինայում, Ադրբեջանում և այլուր։ Դրանք առանձին պետություններ են։ Ես կարող եմ ռուսաստանյան գնահատական տալ այս կամ այն հայտարարություններին, սակայն ասել, թե ինչ է նկատի ունեցել ինքնիշխան այլ պետության առաջնորդը, չեմ կարող։ Թերևս ռուսաստանցի քաղաքագետները, լրագրողները, քաղաքական գործիչները կարող են դա անել, բայց հաստատ ոչ ես։ Դա իմ իրավասության տիրույթում չէ։

Ուզում եմ ևս մեկ անգամ ձեզ խնդրել ինձ չդիմել խնդրանքով պատասխանելու այն հարցին, թե ինչ է նկատի ունեցել օտարերկրյա այս կամ այն պետության ղեկավարը։ Ինչ նկատի ունի մեր պետության ղեկավարը՝ մեկնաբանում է ՌԴ նախագահի խոսնակը։ Ես պատասխանում եմ հարցերին՝ կապված Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ»։

Լրագրողրի դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի հայտարարությանը գնահատական տրվել էր, Զախարովան հակադարձել է․ «Ես չեմ պատասխանել հարցին, թե ինչ է նա նկատի ունեցել։ Դրանք տարբեր բաներ են։ Կարող եմ գնահատական տալ, բայց ոչ պատասխանել, թե ինչ է նկատի ունեցել ինքնիշխան պետության այս կամ այն ղեկավարը։

Տեսնում ենք բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են երկու կողմից՝ Հայաստանից ու Ադրբեջանից, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ զգացմունքայնության և պատմական ու արդի կոնտեքստի հետ կապելու տարբեր աստիճաններով։

[…]

Մենք կողմերին մշտապես կառուցողական մոտեցման կոչ ենք արել։ Չեմ կարող և չեմ ցանկանում կասկածել նրանում, որ հենց դա է նրանց նպատակը, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ երն, և արտահայտում են իրենց ժողովուրդների իղձերը»,- ասել է Զախարովան։

Սեպտեմբերի 4-ին ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին ճեպազրույցի ժամանակ հարց էր ուղղվել, թե ինչպես է Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարությանը, թե «Ղարաբաղը Հայաստանի մաս է»։

«Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, առկա է ներքին հռետորաբանություն։ Առկա է նաև խաղաղ գործընթացը, որում կան ինչպես գործընթացի մասնակիցները, այնպես էլ խաղաղ կարգավորմանը միտված միջազգային ջանքերը։ Եվ անշուշտ ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այդ ընդհանուր ջանքերի համատեքստում։ Շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք դառնում են կռվախնձոր և առաջացնում լրացուցիչ հարցեր»,- ասել էր Զախարովան։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել