Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու՝ լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ։

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից»,- նշված է ԱԱԾ հաղորդագրությունում:

***

Հոկտեմբերի 18-ին Սահմանադրական դատարանի անդամները հայտարարություն են տարածել, որ հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին։

Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հոր տուն։ Նույն օրը ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Բաբաջանյանը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով։