Թրամփը շատ դրական է նայում Էրդողանին, և դա զարմանալի չէ․ զրույց Էրիկ Հակոբյանի հետ

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ԱՄՆ-ն ու Թուրքիան՝ ի դեմս փոխնախագահ Մայք Փենսի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որը տևելու է 120 ժամ (5 օր)։ Այդ ժամանակահատվածում քրդական զինուժին հնարավորություն է տրվելու հետ քաշվել Թուրքիայի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա․ Անկարան այդ հատվածը սահմանել է որպես «անվտանգության գոտի»։ Հանդիպման արդյունքներով Փենսը հայտարարել է, որ Թուրքիան աշխատելու է ԱՄՆ-ի հետ համատեղ՝ թույլ չտալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերադարձը այն բանից հետո, երբ նրանց խմբերը փախուստի են դիմել քրդերի վերահսկողության տակ գտնվող բանտերից։ Ուշագրավ է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հստակեցրել է՝ «սա զինադադար չէ, քանի որ զինադադար կարող է կնքվել երկու օրինական կողմերի միջև»։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Սիրիայի գործողությունը կավարտի այն բանից հետո, երբ քրդական զինուժը՝ «YPG/PKK-ի ահաբեկիչները», կլքեն անվտանգության գոտին։

Ամերիկյան քաղաքականության հարցերով խորհրդատու Էրիկ Հակոբյանն այս պայմանավորվածությունը ժամանակավոր է համարում և կարծում է, որ մի քանի օրից բախումները կվերսկսվեն։

Արդյոք այս համաձայնությունը և ընդհանրապես, ամերիկյան գործողությունները, Թրամփի՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը, արվում են հանրության ուշադրությունը շեղելո՞ւ համար։ Էրիկ Հակոբյանի կարծիքով՝ դժվար է հասկանալ, քանի որ Թրամփն անկանխատեսելի գործիչ է․ Թրամփն ու Թուրքիայի նախագահը շատ մոտ են միմյանց հետ, և պայմանավորվածությունն ավելի շատ Թրամփի և Էրդողանի անձնական հարաբերությունների տիրույթում է։

«Թրամփը շատ խորը մտածող մեկը չէ, և բոլոր այս որոշումները կայացնում է հասարակ ձևով, անձնական հաշիվներով»,- նկատեց Էրիկ Հակոբյանը։

Մի՛ եղեք մաչո, մի՛ եղեք հիմար․ Թրամփի նամակը Էրդողանին

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածության կամ նրանց միջև դիմակայության մասին խորհրդատուն ասում է, որ Թուրքիայի նկատմամբ մոտեցումը միանշանակ և միասնական չէ ԱՄՆ-ում․ պետք է զանազանել Թրամփի մոտեցումը երկրի ակտիվ քաղաքական շրջանակների մոտեցումից, որը շատ ավելի հակաթուրքական է, հակաէրդողանական։

«Թրամփը շատ դրական է նայում Էրդողանին, և դա զարմանալի չէ, քանի որ աշխարհի՝ նեո-ֆաշիստական հայացքներով գրեթե բոլոր առաջնորդների հետ նա շատ լավ անձնական հարաբերություններ ունի»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ այս հարցում «ԱՄՆ-ը մեկ ձայնով չի խոսում․ կա Թրամփի մոտեցումը, և կա Կոնգրեսի մոտեցումը»։

Հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփի դիրքերն անկայո՞ւն են այսօր, Էրիկ Հակոբյանը միանշանակ պատասխանեց․ «Շատ անկայուն են»։

Խոսելով Սենատի՝ Թուրքիայի պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնած պատժամիջոցների մասին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ դրանց սատարում են և դեմոկրատները, և Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները, սակայն Փենսի՝ Անկարա այցից և վերջին պայմանավորվածությունից հետո դրանք դժվար թե իրագործվեն։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել