Ովքեր և ինչու են հարձակվել Nouvelles d'Arménie-ի վրա․ զրույց հայաստանյան թղթակից Սեդա Մավյանի հետ

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ֆրանսալեզու Nouvelles d’Arménie ասմագրի խմբագրության վրա տեղի է ունեցել հարձակում․ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և համակարգիչները, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն: Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie ասմագրի խմբագրության վրա հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»։ Տեղի ունեցածը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF)։ Հայտարարության համաձայն՝ պարբերականի տնօրեն Արա Թորանյանը վերջին օրերին բավական ակտիվ էր՝ ի աջակցություն Սիրիայում թուրքական հարձակման զոհ դարձած քրդերի: Նա մասնակցել է նաև այդ խնդրով կազմակերպված հանդիպման և ցույցի: Խմբագրությունը զբաղվում է Թուրքիայում ազատությունների պաշտպանությամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, հայտնի է նաև Արցախի Հանրապետությանն աջակցությամբ: CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը խմբագրության հետ տեղի ունեցածը որակել են հարձակում, որն իրականացվել է Փարիզում թուրքական ծառայությունների կողմից: Նրանց կարծիքով՝ այս հարձակումը ոչ միայն իրենց ապագա ծրագրերի մասին տեղեկություններ հավաքելու, այլև ահաբեկելու նպատակ ունի: Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի հարցերին է պատասխանում Nouvelles d’Arménie-ի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանը։ Նա տեղեկացնում է, որ նախնական հաղորդագրության մեջ նշվել էր գողացված երեք համակարգիչների մասին, մինչդեռ գողացվել են բոլորը։

Հարցին, թե արդյոք այս հարձակման հետևում քաղաքական պատճառներ կա՞ն, Սեդա Մավյանը պատասխանեց՝ հղում անելով CCAF-ի հայտարարությանը։

«Վերջին օրերին Թորանյանը (Nouvelles d’Arménie-ի գլխավոր խմբագիրն է և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահը – խմբ․), ինչը նշանակում է նաև հայերը, մասնակցել են պրոքրդական, հակաթուրքական մի քանի ցույցերի։ Դա սկսվեց հոկտեմբերի 12-ին»,- ասում է Մավյանը։

«Արդյոք նախկինում խմբագրությունը ենթարկվե՞լ էր այս կարգի հարձակումների՝ կապված իր գործունեության հետ»։

Մեր զրուցակիցը հաստատում է և նշում, որ ոչ մեկ անգամ։

«Դառը փորձով պայմանավորված՝ վերջին միջադեպը ողբերգական բնույթ չի կրում։ Ինչո՞ւ։ Նյութերը, տվյալները պաշտպանված են և, այդուհանդերձ, հարձակումը մտահոգիչ է»,- նշում է պարբերականի թղթակիցը։

Nouvelles d’Arménie-ի գործունեության՝ վերջին շրջանում հակահայկական քարոզչությամբ կամ թուրքական գործոնով պայմանավորված բարդացման առումով Սեդա Մավյանը որևէ խնդիր չի տեսնում։ Նա միայն նկատում է՝ Արա Թորանյանը աչքի է ընկնում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ և ցեղասպանության ժխտման քրեականացման համար պայքարով․ վերջինը մինչև այժմ տեղի չի ունեցել։

«Հայերը ընդհանրապես և Թորանյանը մասնավորապես մշտապես ժխտողականների թիրախ են»,- եզրափակեց Nouvelles d’Arménie-ի հայաստանյան թղթակիցը։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Լուսանկարը՝ Սեդա Մավյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել