Ում կամ ինչի դեմ է ուղղված ադրբեջանական հանրության դժգոհությունը․ զրույց մեդիա փորձագետ Սեյմուր Քյազիմովի հետ

Հանգստյան օրերին Բաքվում անցած բողոքի ակցիաների, ադրբեջանական հանրության դժգոհության պատճառների մասին ՍիվիլՆեթը զրուցում է ադրբեջանցի մեդիա փորձագետ, լրագրող Սեյմուր Քյազիմովի հետ։

Ադրբեջանի՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հոկտեմբերի 19-ին Բաքվում բողոցի ակցիա է անցկացրել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում, ժողովրդավարական ընտրությունների համար պայմանների ստեղծում, էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանափակման վերացում, երեխաների համար նպաստների վերականգնում և ղարաբաղյան խնդրի լուծում։ Ձերբակալվել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ, ընդդիմադիր Ալի Քերիմլին և նրա համախոհները։ Հոկտեմբերի 20-ին Բաքվում բողոքի մեկ այլ ակցիա է տեղի ունեցել՝ ընտանեկան բռնության դեմ և կանանց իրավունքների համար, որի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ։ Առաջին հայացքից ցույցերի պահանջները տարբեր էին, բայց, Ձեր կարծիքով, դրանք ինչ-որ կերպով կապվա՞ծ էին։

Այդ ցույցերը կապված չէին իրար հետ։ Դրանք կազմակերպել են տարբեր խմբեր։ Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիան կազմակերպել էր ընդդիմությունը, իսկ հոկտեմբերի 20-ին երթ էր, որը կազմակերպել էին քաղաքացիական ակտիվիստները՝ իրավապաշտպաններ, գենդերային հարցերով փորձագետներ և լրագրողներ։ Երկրորդ ակցիան հիմնականում միտված էր կանանց նկատմամբ բռնության աճի վրա ուշադրության հրավիրմանը։ Առաջին ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներից ոչ բոլորն են ազատ արձակվել, իսկ երթի ժամանակ բերման ենթարկվածները անմիջապես են ազատ արձակվել։

– Կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիան կարելի՞ է համարել աննախադեպ՝ իր մասշտաբներով կամ օրակարագով։ Նախկինում նման ցույցեր անցկացվե՞լ են Ադրբեջանում։

Այս տարվա մարտի 8-ին տեղի է ունեցել երթ՝ «8 երթ» անվամբ։ Իսկ հոկտեմբերի 20-ի ակցիան հստակ պահանջներ ուներ։ Գլխավոր պահանջներից մեկը «Ստամբուլյան կոնվենցիայի» ընդունումն էր։ Կազմակերպիչների խոսքով՝ վերջին ինը ամիսներին 118 կին ենթարկվել է բռնության, որոնց թվում կան սպանվածներ։

– Հասկանալի է, որ Ադրբեջանի քաղաքացիների մոտ դժգոհություն է կուտակվել։ Որո՞նք են բնակչության գլխավոր պահանջները, ի՞նչ բնույթի են դրանք՝ սոցիալակա՞ն, քաղաքակա՞ն, տնտեսակա՞ն։ Վերջերս լրատվամիջոցներում հաճախ էր հիշատակվում իշխանության կողմից իրականացվող բարեփոխումների մասին։ Ձեր կարծիքով, դրանք «կոսմետիկ» կամ «ֆասադայի՞ն» բարեփոխումներ են, որոնք հեռու են իրական բարեփոխումից։

– Մարդկանց պահանջները բազմակողմանի են՝ սկսած սոցիալական խնդիրների լուծումից մինչև այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին են խոսքի և հավաքներ անցկացնելու ազատությունները։ Բացի այդ, կոռուպցիայի կանխարգելումը ժողովրդի կողմից պետության առաջ դրված ամենաառաջնային խնդիրներից է։ Չնայած՝ որոշ փոփոխություններ կան, բայց դրանք մակերեսային բնույթ ունեն։ Արմատական բարեփոխումներ դեռ չենք նկատում։

– Վերջին հարցը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ի՞նչ տեղ է այսօր զբաղեցնում այդ հարցը հանրային օրակարգում։ Ի՞նչ են մտածում քաղաքացիները երկու առաջնորդների վերջին հանդիպումների և հայտարարությունների մասին, համաձա՞յն եք, որ այս պահին հարաբերական խաղաղություն է տիրում։

Խնդիրը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրների միջև չի ստորագրվել խաղաղության համաձայնագիր։ Նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի՝ Դուշանբեում ոչ պաշտոնական հանդիպման արդյունքում ձեռք բերված խաղաղությունը նույնպես ժամանակավոր բնույթ էր կրում։ Չնայած՝ 2016-ի ապրիլյան դեպքերից հետո ակտիվ ռազմական գործողություններ չեն ծավալվել, սահմանին հրադադարի ռեժիմը միշտ խախտվում է, և կողմերը կորուստներ են կրում։ Հենց ապրիլյան դեպքերից հետո ուշադրությունը դեպի ղարաբաղյան խնդիրը նորից աճեց։ Չնայած, որ ներկայում սահմանը հանգիստ է, դժվար չէ կանխատեսել՝ ինչպես կարձագանքի բնակչությունը իրավիճակի նոր սրմանը։ Վերջին ամիսներին քաղաքական առաջնորդների հռետորաբանությունը ավելի է կոշտացել։ Ղարաբաղում Փաշինյանի հայտարարությունը և «Վալդայ» համաժողովին Ալիևի պատասխանը դրա վառ ապացույցն են։ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» և «ես չեմ ներկայացնում Արցախի ժողովրդին» հայտարարությունները ադրբեջանական հանրությունում քննարկման առարկա են դարձել։ Ինչպես տեսնում եք, երկու այս մոտեցումների միջև լուրջ հակասություն կա։ Արձագանքն այն է, որ Փաշինյանը պետք է հստակ որոշում կայացնի։ 2020-ին այդ չճանաչված սուբյեկտում կանցկացվեն «ընտրություններ»։ Այնտեղ հին գվարդիայի անդամները դեռ «իշխանության» են։ Հետևաբար Փաշինյանի նման հայտարարությունները դիտարկվում են որպես նախընտրական քարոզչական արշավ՝ ուղղված ներքին լսարանին։ Միևնույն ժամանակ, դա այն գործոններից է, որոնք խարխլում են բանակցային գործընթացը։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Թարգմանեց Լուսինե Վարդանյանը

Հարցազրույցը ռուսերեն՝ այստեղ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել