Ալիևը թոշակի է ուղարկում 70-ից բարձր պաշտոնյաներին

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են երկու փոխվարչապետներ Հաջիբալա Աբութալիբովը և Ալի Հասանովը։ Պաշտոնական վարկածով՝ երկուսն էլ ազատվել են «սեփական դիմումի համաձայն»։

Ընդունելով երկու պաշտոնյաներին՝ Ալիևը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա ծառայության և «երկրի զարգացման գործում ներդրման համար»։

75-ամյա Աբութալիբովը փոխվարչապետ էր նշանակվել անցյալ տարվա ապրիլին, մինչև այդ 19 տարի զբաղեցրել է Բաքվի քաղաքապետի պաշտոնը։ Ինչպես նշում է Turan գործակալությունը, Աբութալիբովը աչքի էր ընկնում տարօրինակ պահվածքով և ծիծաղելի հայտարարություններով, ասում էր, որ «երկրում կա միայն մեկ տղամարդ» և այլն։

71-ամյա Հասանովը երկար տարիներ փախստականների պետական հանձնաժողովի ղեկավարն էր, պարբերաբար Արևմուտքին մեղադրում էր «Հայաստանին վաճառվելու» մեջ։

Երկու պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում Ալիևը բավական միանշանակ ակնարկել է, որ ակնկալում է՝ իշխանությունում ներկայացված 70 տարեկանից բարձր պաշտոնյաները կհետևեն Հասանովի և Աբութալիբովի օրինակին և ազատման դիմում կներկայացնեն։ Ալիևի խոսքով՝ անհրաժեշտ է ճանապարհ տալ երիտասարդ սերնդին։

Մեկնաբանել