Նույնիսկ հեղափոխությունը չկարողացավ փոխել ձեր դեկանին

Ուսանողական շարժում՝ ռեակտիվից անցում պրոակտիվ գործունեության

Այո, երիտասարդությունը, կարող ենք ասել, որ հանդես եկավ որպես Թավշյա հեղափոխության ավանգարդներից մեկը, բայց մի՞թե հետհեղափոխական ուսանողական ակտիվությունը կարելի է համեմատել նախահեղափոխական և հեղափոխության ընթացքում երիտասարդության ակտիվ ջանքերի ու հասարակական-քաղաքական կյանքում նրանց ներգրավվածության ազդեցության հետ։ Մինչդեռ շատերս գիտենք, որ հետհեղափոխական շրջանում ուսանողական ներուժը կարող էր անհամեմատ ավելի լավ իրացվել, ու շատ խնդիրեր կարող էին ավելի արագ լուծվել։ Ինչո՞ւ ստացվեց այսպես, որո՞նք են ներկայիս իրավիճակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքները, ի՞նչ կարելի է անել այս իրավիճակը շտկելու ու բարելավելու համար։

Մինչ անցնելը նրան, թե ինչ քայլեր են պետք է ձեռնարկել երիտասարդության դերը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում ակտիվացնելու համար, անհրաժեշտ է նշել այն նախադրյալները, որոնք նպաստեցին նախահեղափոխական և հեղափոխության ընթացքում ուսանողության, երիտասարդության դերի զագացմանն ու առանցքային դերակատարներից մեկը դառնալուն։

Օբյեկտիվ պատճառներ

1․ Հասարակական-քաղաքական կյանքում նախահեղափոխական շրջանում կար հասարակական մեծ անտարբերություն, ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերը ու ներկայացուցիչները հուսահատված էին։ 2017թ․ խորհրդարանական ընտրությունները իսկապես լուրջ հարված էին հասցրել երկրում ժողովրդավարության համար պայքար մղող ուժերին։ Այդ իսկ պատճառով ուսանողության ու երիտասարդության ակտիվացումը այդ ժամանակ նոր շունչ բերեց վերոնշյալ խմբերին, նոր հույս ու լույս առկայծեց, մտադրված կամ բնական՝ վերջիններս փորձում էին աջակցել ուսանողությանը թե՛ առցանց հարթակում, թե՛ իրական կյանքում։ Բացի գաղափարական, արժեքային ընդհանրություններից, այսպես ասած՝ կար նաև մեկ ընդհանուր թշնամու» հանգամանքը։ Իհարկե, հեղափոխության հաղթանակից հետ, երբ «ընդհանուր թշնամին» պարտվեց, հասարակական-քաղաքական դասավորվածությյունը փոխվեց, իսկ շատ անհատներ և խմբեր՝ թե՛ կուսկացություններից, թե՛ քաղհասարակությունից, զբաղեցրին պետական պաշտոններ, և ուսանողության ու երիտասարդության կարիքը նրանց համար այլևս չկար։ Սա բացի որոշ սուբյեկտիվ կողմերից, նաև օբյեկտիվ իրողություն է և իր մեջ ամենևին բացասական նոտա չունի։ Շատերը նշում են, որ թերևս մարդկային կյանքն է այդպիսին։

2․ ԶԼՄ-ների ուշադրությունն ու հասարակական-քաղաքական կյանքում, հիմնականում Ֆեյսբուքում կարճաժամկետ, դիպվածային, բայց գրավիչ օրակարգերի գերակայությունը։

Եթե մինչ հեղափոխությունը ուսանողական ակտիվությունը ընկալվում էր որպես առկա գաղջ մթնոլորտում լուսավոր կետ, եթե կրթական հարցերի նկատմամբ կար ուշադրություն, քանի որ վերջինս էլի նաև կապված էր իշխանության անարդյունավետության հետ, ապա հեղափոխությունից հետո ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում նախ հայտնվում են կոռուպցիոն բացահայտումները, դատական գործերը, «դրայվ» պարունակող նյութերը։ Փաստ է նաև, որ հասարակության և իշխանության ուշադրության կենտրոնում հաճախ հայտնվում են այն թեմաները, որոնք Ֆեյսբուքում ավելի շատ են պտտվում։ Այս թեմաներն իրենց հերթին համընդհանուր պարզություն ունեցող, շոշափելի վտանգ պարունակող, ոչ խոցելի, պոպուլիզմի ենթակա բովանդակություն ունեն, հետևաբար՝ այս առումով ուսանողական, կրթական հարցերը, իհարկե, զիջում են իրենց գրավչությամբ։

3․ Հաջորդ օբյեկտիվ հանգամանքը ուսանողական ներուժի չինստիտուցիոնալացումն էր բուհերում։ Համալսարանններում շարունակում են գործել հին, իրենց էությամբ փակ, բոլորովին այլ նպատակներ ունեցող ուսանողական խորհուրդներ կոչվող խմբերը, որոնց մասին արդեն խոսել ենք նախկին հոդվածում։ Այս հատվածում չենք կարող չխոսել նաև բուհերի մասին, որոնք նույնպես իրենց էությամբ շարունակում են մնալ փակ։

Բուհերի ներսում չի խթանվում քաղաքացիական կրթությունը, ժողովրդավարությունը, ուսանողական ազնիվ ու արդար ըմբոստությունը։ Հակառակը՝ անցյալ հազարամյակից մնացած դեկանները, ժողովրդավարության մասին արատավոր պատկերացումներ ունեցող դասախոսները շարունակում են ոչ թե սերունդներ կրթել, այլ դեմոտիվացնել ու թուլացնել նրանց։

4․ Օբյեկտիվ հանգամանքների մասին խոսելիս, չենք կարող չխոսել արդեն երկու տարի որոշ ուսանողական խմբերի, օրինակ՝ Ռեստարտի դեմ իրականացվող ուղղորդված հակաքարոզչության մասին։ Կան և եղել են մարդիկ, լրատվամիջոցներ, որոնց առօրյա աշխատանքը եղել է ու կա Ռեստարտի մասին կեղծ նյութեր հորինելն ու տարածելը։ Ցավալի է, բայց փաստ, որ մեդիա դաշտի կաթվածահար պայմաններում հաճախ այս ստերը որոշ մարդկանց մոտ իրականության երանգներ են ստանում։

Սուբյեկտիվ պատճառներ

Ուսանողական ակտիվության մարման պատճառներից մեկը հետհեղափոխական իրավիճակն էր։ Այո՛, շատ ուսանողներ, տեսնելով, որ համալսարաններում իրենց բարձրաձայնած հարցերի հետ կապված ոչինչ չի փոխվում, և այսպես ասած՝ «նույնիսկ հեղափոխությունը չկարողացավ փոխել իրենց դեկանին», հիասթափություն ապրեցին ու որոշեցին վերադառնալ լսարաններ։

Հարկ է նշել, որ ռեակտիվ շարժումից անցումը պրոկատիվի հեշտ չէ։ Պրոակտիվի դեպքում կարիք կա նոր հմտությունների ու կարողությունների։ Պրոակտիվ աշխատանքը պահանջում է ռեսուրսներ՝ տարածք, ֆինանսներ ու աշխատակիցներ։ Ոչ բոլոր խմբերին է հաջողվում իրականացնել այս տրանֆորմացիան։ Բացի դրանից, շատ ուսանողներ չցանկացան անցնել պրոակտիվ գործունեության, քանի որ արդեն այլ առաջնահերթություններ ունեին։ Պրոակտիվ աշխատանքը նաև չի կարող հավերժ լինել կամավոր հիմքերով, հետևաբար շատ երիտասարդներ պետք է նվազեցնեին իրենց ակտիվությունը։

Ռեակտիվ գործունեության հանրային ակտիվությունը չի կարող չափվել նաև պրոակտիվ շարժման հանրային հնչեղության հետ, հետևաբար՝ առաջինի դեպքում արված գործը կարող է լինել ավելի մասնագիտական ու խորքային, բայց ստացված արդյունքը ավելի երկարաժամկետ ու քիչ երևացող։

Պրոակտիվ ու ռեակտիվ նախաձեռնությունների մասին կարելի է էլի խոսել, բայց այս պահին մեր նպատակն է հասկանալ, թե վերոնշյալ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներում ինչ կարող են անել երիտասարդական կառույցները սեփական օրակարգը առաջ բերելու ու նրա վրա համապատսխան ուշադրություն հրավիրելու համար։

Մյուս հոդվածում արդեն կխոսեմ սրա մասին։

Մեկնաբանել