Թուրքական իշխանություններն արգելել են Կեսարիային նվիրված գիտաժողովի անցկացումը

Հրանտ Դինքի հիմնադրամի՝ «Կեսարիայի և շրջակայքի հասարակական, մշակութային և տնտեսական պատմություն» խորագրով գիտաժողովը չի անցկացվել՝ թուրքական իշխանությունների արգելքի պատճառով։

Միջոցառումը պետք է տեղի ունենար հոկտեմեբրի 18-19-ին Կեսարիայում, սակայն նահանգապետարանի որոշմամբ արգելվել է։ Հիմնադրամին զանգահարել ու տեղեկացրել են, որ նպատակահարմար չէ գիտաժողովն անցկացնել Կեսարիայում։ Չնայած հիմնադրամի ջանքերին՝ նահանգապետարանի հետ կապ հաստատել ու լրացուցիչ տեղեկություն ստանալ չի հաջողվել։ Գիտաժողովը որոշվել է տեղափոխել Ստամբուլ, որտեղ դարձյալ տեղական իշխանությունները՝ Շիշլիի կայմակամությունը, արգելել է դրա անցկացումը։

Այդ կապակցությամբ Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն է տարածել․

«Տարիներ շարունակ տարբեր նահանգների վերաբերյալ համանման գիտաժողովներ են կազմակերպվել, և չնայած, որ 1 տարի առաջ գիտաժողովի անցկացման ժամկետի մասին տեղեկացրել ենք, գիտաժողովի մեկնարկից 16 ժամ առաջ սահմանադրության ու գործող օրենսդրութանը հակառակ՝ գիտաժողովի անցկացումն արգելվեց, ինչը, կարծում ենք, ժողովրդավարությանն ու գիտականությանը հասցված մեծ հարված է։

Գիտաժողովը, որը միավորել է տարբեր երկրների, այդ թվում հայ և թուրք գիտնականների, նպատակ ունի քննելու Կեսարիայի ու հարակից գավառների ընկերային, տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքը, որ մեծ ու փոթորկուն փոփոխությունների է ենթարկվում 19-րդ դարավերջին ու 20 դարասկզբին։ Գիտաժողովին մանակցելու էր 27 ակադեմիական՝ Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից ու Ֆրանսիայից։ Համանման գիտաժողովներ են կազմակերպվել Ադանայի, Դիարբեքիր-Տիգրանակերտի, Մարդին, Վանի ու Իզմիրի մասին և ընթացել իրենց բնականոն հունով, պետությունը որևէ միջամտություն չի արել»։

Վարագ Գեթսեմանեանը, որը գիտաժողովի մասնակիցներից մեկն էր, գրում է, որ Կեսարիայում գիտաժողովի չեղյալ համարումը իր համար անսպասելի չէր՝ հաշվի առնելով Թուրքիայի և հատկապես նրա գավառներում տիրող քաղաքական դյուրաբեկ կացությունը: Վարագը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ հոկտեմբերի 18-20-ը՝ գիտաժողովի անցկացվելիք օրերին, պաշտոնական այցով Կեսարիայում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տպավորություն է, որ օգտագործելով Թուրքիայում և Թուրքիայի շուրջ ընթացող խառնակ իրավիճակը՝ թուրքական իշխանությունները առիթ գտան արգելելու գիտաժողովը, որը, ինչպես դիպուկ նկատում է Վարագ Գեթսեմանեանը, կարող է նախադեպային լինել։ Գիտությունների ազգային ակադեմիայից Արևելագիտության ինստիտուտի գիտաշախող Անուշ Հովհաննիսյանը, որը նույնպես գիտաժողովի մասնակիցներից է, «Ակօս»-ին տված հարցազրույցում ասում է, որ Թուրքիայի ներկայիս ռազմատենչ մթնոլորտում հասարակության համար անհաճո կլիներ Կեսարիայի մասին գիտաժողովը։ Նա գիտաժողովի արգելքը մեկնաբանում է Թուրքիայի՝ «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» քաղաքականության համաշարում։

Փոխարենը Պոլսում հոկտեմբերի 26-ին հիմնադրամը կազմակերպել է Կեսարիայի Մանթիի փառատոնը (մանթին Կեսարային բնորոշ կերակուր է)։

Գոռ Երանյան

Մեկնաբանել