Ես խնդրեցի ՌԴ նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որ հաշվի առնվի Ղամիշլիի հայերի ճակատագիրը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին, պատասխանել Սիրիայում տիրող իրավիճակի, հայերի անվտանգության, ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության, գազի գնի և այլ թեմաներով հարցերին։ Հարցազրույցի՝ Սիրիային առնչվող հատվածը՝ ստորև․

Եկեք սկսենք անհանգիստ տարածաշրջանից` Սիրիայից: Ըստ Ձեզ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում ձեռք բերված համաձայնագրերը վերաբերում են նաև սիրիահայերին: Կարո՞ղ եք բացել փակագծերը։ Ո՞վ պետք է ապահովի իրենց անվտանգությունը:

– Սիրիայի հյուսիսում կա Ղամիշլի քաղաք: Անտեղ բնակվում է մոտ երեք հազար հայ: Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ: Մենք մտահոգություններ ունեինք, և ես խնդրեցի Ռուսաստանի նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաշվի առնվի կոնկրետ Ղամիշլիի հայերի ճակատագիրը: Այն ժամանակ Թուրքիայի ներխուժման պատճառով այնտեղ լարվածությունը շատ մեծ էր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին նրա համար, որ արդյունքում հաշվի են առնվել այս տարածքում բնակվող հայերի անվտանգության հարցերը: Հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն, և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն պահպանվել:

– Նրանց անվտանգությունն ապահովում են միայն ՌԴ զինծառայողները, թե՞ ՌԴ զինծառայողները թուրքերի հետ միասին: Ինչպե՞ս է այն գործում:

– Սիրիայում Ռուսաստանը շոշափելի ներկայություն ունի: Նրա դերն անվտանգության ոլորտում բավականին մեծ է: Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի հայերի անվտանգությանը: Հայաստանը նույնպես առաքելություն ունի Սիրիայում: Սակայն մեր առաքելությունը մարդասիրական է, և այն ոչ մի կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ այնտեղ իրականացնում ենք այդպիսի մարդասիրական առաքելություն:

Բացի Ռուսաստանից, դուք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ միակ երկիրն եք, որն իր ներկայացուցիչներին ուղարկել է Սիրիա:

– Այո, և դա մեզ համար շատ կարևոր առաքելություն է: Ես այն համարում եմ պատմական: Այն հաջողությամբ իրականացվում և շարունակվում է:

– Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ հասկանալ: Վլադիմիր Պուտինը Ձեզ խոստացավ, որ Ռուսաստանը երաշխավորո՞ւմ է սիրիահայերի անվտանգությունը: Ինչպե՞ս դա ձևակերպվեց:

– Ռուսաստանի նախագահը խոստացավ և պահեց իր խոսքը: Նա ասաց, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն Ղամիշլիի հայության շահերը: Ես նրան տեղեկացրեցի, որ այնտեղ կա մեծ հայկական համայնք: Մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունը կոնկրետ դրական հետևանքներ ունի:

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք

Կարդացե՛ք նաև՝

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը

Մեկնաբանել