Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին, պատասխանել Սիրիայում տիրող իրավիճակի, հայերի անվտանգության, ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության, գազի գնի և այլ թեմաներով հարցերին։ Հարցազրույցի՝ գազի գնին առնչվող հատվածը՝ ստորև․
–Գազի գինը ևս մեկ խնդրահարույց հարց է: Ի՞նչն է խանգարում գալ համաձայնության: Բոլորն ակնկալում են, որ գները կբարձրանան, հարցը միայն նրանում է, թե երբ` ձմռանը, թե՞ գարնանը:
– Այս հարցի շուրջ ընթանում է նորմալ խոսակցություն: Սա խոսակցություն է ռազմավարական դաշնակիցների միջև, և այն կբերի կոնկրետ արդյունքների: Ես դրանում վստահ եմ: Մենք այժմ Հայաստանում տնտեսության շատ լավ դինամիկա ունենք: Այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, սա նաև տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինը լինի այնպիսին, որ չխաթարի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան:
– Ինչպիսի գինը չի՞ խաթարի այս դինամիկան:
– Սա արդեն հաշվարկների խնդիր է, և մենք այժմ զբաղվում ենք այդ հաշվարկներով: Որոշումը կլինի դաշնակցային: Այլ կերպ չի կարող լինել և չպետք է լինի:
– Ե՞րբ կարող է ամեն ինչ համաձայնեցվել:
– Վերջին մեկ տարվա ընթացքում մեր ներքին գազի գինը չի փոխվել:
– Բայց գնումների գինը փոխվել է, այն աճել է:
– Սա ուրիշ հարց է: Այն չունի շատ մեծ նշանակություն Հայաստանի ներսում սպառողների տեսակետից: Մեզ համար կարևոր է, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգին լինեն: Եվ սա, կարծում եմ, նույնպես տնտեսական հարց է: Մենք պետք է մշակենք այնպիսի բանաձևեր, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա»-ի գործունեությունը լինի արդյունավետ, և գազի գինը լինի արդյունավետ:
– Դուք բանակցում եք գինն ընդհանրապես չբարձրացնելո՞ւ շուրջ, թե՞ բարձրացնելու, բայց ոչ էականորեն:
– Ո՞ւմ համար։
– Գնման գինը Հայաստանի համար:
– Խոսքը նրա մասին է, որ գինը լինի շահեկան Հայաստանի տնտեսության համար, որպեսզի չխաթարի տնտեսական աճն ու տեմպը, որն արտահայտվում է տնտեսական դինամիկայով:
– Ներկայիս գինը՝ $165 հազար խորանարդ մետր գազի դիմաց, շահեկա՞ն է: Այն չի՞ խաթարում դինամիկան:
– Եկեք ես չխոսեմ կոնկրետ թվերի մասին: Կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը: Ըստ բովանդակության, ես ասացի, թե որն է նպատակը: Կարծում եմ, որ սա միայն Հայաստանի նպատակը չէ, այն պետք է լինի նաև Ռուսաստանի նպատակը, քանի որ մենք խոսում ենք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին, մենք ունենք ընդհանուր տնտեսական տարածք: Երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրներ են ծագում, սա մեզ շատ է անհանգստացնում: Կարծում եմ, որ մեր ռուս գործընկերները` նախագահը, վարչապետը, նույն ընկալումն ունեն: Մենք կլուծենք այս հարցը:
Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք