Վահե Գրիգորյանը պարզաբանել է ՍԴ աշխատանքներին չմասնակցելն ու աշխատավարձ ստանալը

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն ուղղված դիմումին, որով վերջինս կոչ էր անում պարզաբանել ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, բայց աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը։

Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորին՝ նամակով բարձրացված հարցերի և խնդրի՝ Սահմանադրական դատարանի նիստերին չմասնակցելու կապակցությամբ քաղաքական շրջանակներում և լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններին և քննարկումներին ուշադրության համար։

«Դրանք չէին կարող իմ ուշադրությունից դուրս մնալ, սակայն, դրանց արձագանքելու կարգավիճակիցս բխող սահմանափակումների բերումով, հնարավորություն չեմ ունեցել և չունեմ դրանց վերաբերյալ հատվածական պարզաբանումներ ներկայացնելու։

Նկատել եմ նաև, որ Սահմանադրական դատարանի նիստերին չմասնակցելուս կապակցությամբ քննարկումներում, այդ դիրքորոշմանս հիմքում ընկած հանգամանքների, որոնք են՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմի սահմանադրականության և այս դատարանի դեմոկրատական լեգիտիմության բացերը (վերջինիս հիմքով՝ նաև այս դատարանի նկատմամբ հանրության և պետական իշխանության թևերի կողմից վստահության դեֆիցիտը), ծանրության և հանրային շահի դիտանկյունից գերակայող կշիռը, շարունակաբար փորձ է կատարվել խնդիրը նվազեցնել և նսեմացնել՝ հասցնելով կենցաղայնության մակարդակի։ Մասնավորապես, իմ կողմից շարունակաբար բարձրաձայնվող սահմանադրական ճգնաժամի շուրջ խնդրի կարևորության և առաջնայնության համեմատությամբ, խնդրի կշիռը որոշ դեպքերում փորձ է արվում հետևողականորեն իջեցնել աշխատավարձի և փոխադրամիջոցի համար վառելիքի փոխհատուցման դիմաց Սահմանադրական դատարանի նիստերին չմասնակցելու կենցաղային նյութականության աստիճանի։

Ես ամբողջությամբ համամիտ եմ խնդրով հետաքրքրվողների անկեղծ մտահոգությանը, որ պետական-հանրային միջոցները չպետք է վատնվեն անարդյունք, իսկ պետական պաշտոնյաները պարտավոր են իրենց պարտականությունները կատարել բարեխղճորեն։

Թեկուզև իմ՝ Սահմանադրական դատարանի դատավորիս վարձատրությունը հանրային իշխանության այլ պաշտոնյաների վարձատրության համեմատ բավականին բարձր է, այդուհանդերձ, վստահեցնում եմ, որ հրավիրվող նիստերին իմ մասնակցության մերժումն ունի հիմնավոր պատճառներ, որոնք ողջ խորությամբ, միաժամանակ՝ ընթերցողի համար ընկալելիորեն հակիրճ, մտադիր եմ ներկայացնել Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ճգնաժամի իրավական և իրավաքաղաքական ասպեկտների նկարագրությամբ։ Այս խնդրի համապարփակ նկարագրությամբ (շարքի միջոցով հրապարակելով, սկսած այս ուրբաթ օրվանից), հուսով եմ, կստանաք նաև Ձեզ հետաքրքրող հարցադրումների պատասխանները։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի որևէ խմբակցության կամ պատգամավորի կողմից իմ՝ Սահմանադրական դատարանի դատավորիս լիազորությունների դադարեցման նպատակով ընթացակարգի հարուցման հնարավորությանը, ապա հուսով եմ՝ նման մտադրություն և մտահոգություն ունեցողներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ իմ՝ վերը նշված առաջիկա հրապարակային պարզաբանումներից։ Ամեն դեպքում, նման վարույթի նախաձեռնումը կամ հարուցումը Հանրապետության Ազգային ժողովում որևէ խմբակցության կամ պատգամավորի կողմից ես դիտարկում եմ որպես խորհրդարանական հանրապետության խորհրդարանին հատուկ ժողովրդավարական գործընթացի բաղադրիչ և խորագույն հարգանքով եմ վերաբերվելու թե՛ դրա նախաձեռնմանը, թե՛ ընթացքին, նկատի ունենալով նաև, որ գործ եմ ունենալու առնվազն վերջին 2 տասնամյակում ժողովրդի անառարկելիորեն ազատ կամարտահայտությամբ ձևավորված առաջին խորհրդարանի հետ։ Համոզված եմ, որ նման ընթացակարգի իրականացմամբ իմ կողմից բարձրաձայնվող խնդիրներն իրենց ողջ խորությամբ և սրությամբ կներկայացվեն թե՛ Ազգային ժողովին, թե՛ Հանրապետության քաղաքացիներին՝ դրանց վերջնական հանգուցալուծման ակնկալիքով»,- դիմումի պատասխանի մեջ գրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել