2019թ. հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) արգելել է
մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը՝ «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց.
հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով։ Նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր
ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում մասնավորապես նշել էր, որ
News.am, Hayeli.am, 168.am, Yerevan Today, 7or.am, Livenews.am կայքերի, «5-րդ ալիք» ու
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու: Այս առնչությամբ լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել․
«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, այս մոտեցումը գնահատում ենք որպես խտրական վերաբերմունք
ԶԼՄ-ների նկատմամբ, ինչն անթույլատրելի է և վտանգավոր՝ խոսքի ազատության տեսանկյունից։ Հասարակական
կազմակերպությունն իր էությամբ պետք է բաց կառույց լինի և շահագրգռվածություն ցուցաբերի իր գործունեությունը
լայնորեն լուսաբանելու համար։
Թեև հայաստանյան լրատվական դաշտում ձևավորվել է մի իրականություն, որտեղ լրատվամիջոցները սպասարկում
են տարբեր քաղաքական շահերի, այդուհանդերձ, հասարակական կազմակերպությունները չպետք է խտրականություն
դրսևորեն՝ առաջնորդվելով իրենց համակրանքով կամ հակակրանքով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՄԱՀՀԻ-ին՝ վերանայել իր մոտեցումը լրատվամիջոցների հետ
աշխատելիս, հանդուրժողականություն ցուցաբերել նրանց նկատմամբ և ապագայում բացառել խտրականությունը»։
Հայտարարությանը միացել են հետևյալ կազմակերպությունները՝
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ