Ներդրողի հետ համաձայնություն է ձեռք բերվել մետրոյի նոր կայարանի կառուցման շուրջ, ասել է Երևանի փոխքաղաքապետը

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ արդեն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն, նախանշվել է կայարանի կառուցման վայրը. այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:

«Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին: Ունենք նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը կֆինանսավորի հենց նախագծային փուլից սկսած»,- ասել է փոխքաղաքապետը:

Ներդրողին կառաջարկվի բիզնես մոդել` մետրոյի վերջնակետում` կայարանից վեր մոլ կամ բիզնես կենտրոն կառուցել:

Սարգսյանի խոսքով` վերջերս Երևան են այցելել ներդրողի կողմից ներգրավված մետրո շինարարները, որոնք ուսումնասիրություն են կատարել թե՛ Հրազդանի կիրճի, թե՛ թունելի հատվածում` հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: Արդյունքում նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը կիրականացվի:

«Կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կմշակեն և կներկայացնեն` մեր տված պարամետրերի հիման վրա, և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարությունը: Հույս ունենք, որ հաջորդ տարի` գարնանից սկսած, կտրվի որոշակի աշխատանքների մեկնարկ»,- ասել է Սարգսյանը:

Մեկնաբանել