ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Ճանաչման հետ մեկտեղ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի ձայնը, բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, որոնցից 226-ը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, 178-ը՝ հանրապետականներ են, մեկը`՝ անկախ օրենսդիր: Դեմ են արտահայտվել հանրապետական 11 կոնգրեսականներ: Բանաձևը Ներկայացուցիչների պալատի օրակարգ են ներկայացրել դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական Գաս Բիլիրակիսը:

Քվեարկությունից առաջ Ներկայացուցիչների պալատում ընթացավ երկու մասից բաղկացած քննարկում: Ելույթներով հանդես եկան մի քանի տասնյակ կոնգրեսականներ: Բանաձևի համահեղինակ են 137 օրենսդիր` երկու կուսուկցություններից:

Վերջիններիս ելույթներն աչքի ընկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի աջակցությամբ, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հիշողույունների մեջբերմամբ, վերջերս Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ գործողությունների կոշտ քննադատությամբ ու 1915 թվականի և մերօրյա զարգացումների միջև զուգահեռների անցկացմամբ:

Բանաձևի համահեղինակ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն իր հուզիչ ելույթում ընդգծեց, որ երբեէ ուշ չէ ճանաչել Ցեղսպանությունը, սակայն այսօր այս քայլը էլ ավելի արդիկան է`՝ կապված Սիրիայում Թուրքիայի գհործողությունների հետ: Կոնգրեսականը ընդգծում է` Հայոց ցեղասպանության փաստը որևէ կասկած չի հարուցում:

«Մենք չենք կարող ընտրել, թե մարդկության դեմ կատարած որ ոճրի ճանաչումը սատարենք, իսկ որը՝ ոչ: Մենք չենք կարող լռեցվել օտար տերության կողմից, սակայն այն, ինչ կարող ենք անել և պարտավոր ենք, փաստելն է, որ Օսմանյան կայսրությունը իրականացրել է այս սարսափելի հանցանքը հայերի դեմ: Սակայն նրանց արշավը տապալվել է: «Երբեք այլևս» կոչի հետ մեկտեղ այսօր կարող ենք ասել «Երբեք այլևս չենք լռելու»,- հայտարարեց կոնգրեսկան Շիֆը:

Մեծամասնության ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Սթենի Հոյերն իր ելույթում ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան չի հետևել Գերմանիայի օրինակին և չի ճանաչել Ցեղասպանությունը:

«Սա հակաթուրքական բանաձև չէ: Սա պատմական իրադարձության մասին բանաձև է, որը եթե չճանաչվի, ապա նման ոճիրները կարող են կրկնվել»,- նշել է Սթենի Հոյերը:

Ի աջակցություն բանաձևի հանդես է եկել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով երախտագիտություն հայտնեց այս օրինագծի առաջադրման համար՝ ընդգծելով, դրա կարևորությունը:

«Ինչպես գրում էին այդ օրերի միջազգային դիտորդները, դա ռասայական բնաջնջման ոճիր էր, որը մենք որպես ազատատենչ ժողովուրդ, բարոյապես պարտավոր ենք ճանաչել» ,- նշել է խոսնակը:

Ելույթ ունեցող կոնգրեսականների թվում էին նաեւ հայկական արմատներ ունեցող կոնգրեսկաններ Աննա Էշուն ու Ջեքի Սփիըրը, Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ու բազմաթիվ այլ կոնգրեսականներ: Բացառությամբ մեկ ելույթից, բանաձևի վերաբերյալ բոլոր ելույթները կարևորում էին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը ԱՄՆ կողմից:

Նույն օրը Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց մեկ այլ օրինագիծ, որով հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողություններ ծավալելու համար: