Թուրքիան մերժում է բանաձևը՝ այն համարելով «ներքին սպառման համար անվավեր» քայլ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևին: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ Թուրքիան «մերժում է բանաձևը, որն ակնհայտորեն մշակվել և ընդուվել է ներքին սպառման համար և զուրկ է որևէ պատմական ու իրավական հիմքից»։ Հայտարարությունը թարգմանաբար և որոշ կրճատումներով՝ ստորև։

«Բանաձևն ինքնին իրավաբանորեն պարտադիր չէ։ Իմաստազուրկ քաղաքական այս քայլի միակ հասցեատերը հայկական լոբբին է և հակաթուրքական խմբերը։

Նրանք, ովքեր իրենց պարտված են զգում «Խաղաղության աղբյուր» գործողության կանխարգելումը ձախողելու հետևանքով, մեծապես սխալված են՝ մտածելով, որ կարող են այս ճանապարհով վրեժխնդիր լինել, քանի որ թուրքական կառավարության և ժողովրդի աչքերում այս բանաձևը բացարձակապես անվավեր է:

Չի կարող լինել ավելի մեծ մոլորություն, քան քաղաքական մարմնի «զգացողությամբ» պատմությունը վերաշարադրելու փորձն է։

Բանաձևն իր ներկայիս տեսքով ԱՄՆ-ի և միջազգային իրավունքի դեմ է, ինչպես նաև ոտնձգություն 1948թ․ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայում սահմանված դրույթների հանդեպ։ Գոյություն չունի իրավասու որևէ դատարանի կողմից 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ընդունված որևէ դատավճիռ, որը հաստատում է ցեղասպանության հանցագործությունը։ Հակառակ դրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է առանցքային որոշում, որը սահմանում է, որ 1915-ի իրադարձությունները կարող են լինել բանավեճի օրինական առարկա։

Այսպիսով, 1915-ին տեղի ունեցած իրադարձությունների շուրջ բանավեճը պատմության տիրույթում է, ոչ թե քաղաքականության։

Հիշեցնենք, որ պատմական համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի՝ 2005-ի առաջարկը մերժվել է հայկական կողմից։

[…]

Անկասկած, այս բանաձևը բացասաբար կանդրադառնա Թուրքիայի հանրության շրջանում ԱՄՆ հեղինակության վրա, քանի որ այն վարկաբեկում է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը»։

Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունմանն արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ն և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել