Սա քվեարկություն է, որին սպասել եմ 19 տարի․ Ադամ Շիֆ

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայ-ամերիկյան հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը ելույթ ունեցավ պալատում՝ ի աջակցություն Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի, որը նա ներկայացրել էր Գաս Բիլիրակիսի հետ` ճանաչելու և ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը:

«Մենք չենք կարող ընտրողական մոտեցում ցուցաբերել, թե մարդկության դեմ հանցագործություններից որ մասը պետք է բարձրաձայնել, որը՝ ոչ»,- ասաց Շիֆը: «Մենք չենք կարող մեղմասացություններով քողարկել մարդու իրավունքների պաշտպանությունը: Մենք չենք կարող լռության մատնվել օտար պետության կողմից»:

Ստորև՝ Ադամ Շիֆի ամբողջական ելույթը.

Պարոն խոսնակ, ես իմ աջակցությունն եմ հայտնում թիվ 296 բանաձևին, որը ներկայացրել եմ պալատի անդամ Բիլիրակիսի հետ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման նպատակով: Սա քվեարկություն է, որին սպասել եմ 19 տարի։ Քվեարկություն, որին տասնամյակներ շարունակ սպասել են տասնյակ հազարավոր ամերիկահայ իմ ընտրողները: Սա մի պահ է, որի համար շատերն են աշխատել և պայքարել ու աղոթել, մի պահ, երբ Ներկայացուցիչների պալատը հրաժարվեց ներգրավվել ցեղասպանության ժխտման գործի մեջ:

Այս ապրիլին աշխարհը հիշատակում էր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը, 1,5 միլիոն հայերի համակարգված սպանությունը և Օսմանյան կայսրության կողմից միլիոնավոր այլ մարդկանց տեղահանումը 1915-1923 թվականներին: Օսմանյան կայսրությունում բազմաթիվ այլ կրոնական և էթնիկ փոքրամասնություններ, այդ թվում հույները, ասորիները և քաղդեացիները, նմանատիպ ճակատագրերի են արժանացել: Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց մեր վսեմ պատասխանատվությունն է ոգեկոչել զոհերին, ձգտել արդարության և հատուցման, ինչպես նաև ամերիկացիներին և աշխարհին կրթել ցեղասպանության հանցագործության մասին:

Ցեղասպանության փաստերը սահմռկեցուցիչ են և համարվում են անհերքելի պատմաբանների կողմից: Դրանք արձանագրվել են այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում ծառայող ամերիկացի դիվանագետների կողմից, որոնք ի պաշտոն ականատեսն էին և հաղորդում էին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացման մասին, հանցագործություն, որն այն ժամանակ անուն չուներ:

Եվ չնայած այն անվանում չուներ, այն ժամանակվա դիտորդների մոտ կասկած չկար, որ նրանք համակարգված մասշտաբով հանցագործության են ականատես եղել: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ավելի ուշ կհիշեր. «Վստահ եմ, որ մարդկային ցեղի ողջ պատմությունը չի պարունակում նման սարսափելի դրվագ: Անցյալի մեծ կոտորածներն ու հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ժողովրդի 1915-ի տառապանքների հետ»:

Միայն տասնամյակներ անց, Հոլոքոստը վերապրած Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը՝ նկարագրելու հրեաների, ինչպես նաև հայերի նկատմամբ կատարված վայրագությունները:

Ես հանդիպել եմ ցեղասպանությունից մազապուրծների հետ, տղամարդկանց և կանանց, որոնց թիվը տարեցտարի նվազում է, և լսել եմ նրանց պատմությունները կյանքերի տապալման, տուն-տեղի ու ամեն ինչի կորստի մասին: Դեռ երեխա տարիքում նրանք ստիպված էին լքել իրենց տները և տեսնել, թե ինչպես են իրենց ընտանիքներին ծեծի ենթարկում, բռնաբարում ու սպանում: Նրանք փախան մայրցամաքների և օվկիանոսների վրայով՝ այս երկրում, Հայաստանում և ամբողջ աշխարհում նոր կյանք ստեղծելու համար։

Նրանց և նրանց սերունդների համար «ցեղասպանություն» բառը սուրբ է, քանի որ դա նշանակում է, որ աշխարհը չի մոռացել և չի մոռանա: Ցեղասպանությունը ժխտելը, մյուս կողմից, լկտիություն է: Դա, Էլի Վիզելի խոսքերով, «կրկնակի սպանություն է»:

Պարո՛ն խոսնակ, միշտ էլ ճիշտ ժամանակն է ճանաչել ցեղասպանությունը, բայց դա հատկապես այդպես է այսօր: Որովհետև, երբ մենք տեսնում ենք Հյուսիսային Սիրիայում սարսափած քուրդ ընտանիքների պատկերները, որոնք իրենց ունեցվածքը բեռնում ավտոմեքենաների կամ սայլերի վրա և իրենց տներից փախչում անորոշ ուղղությամբ՝ միայն թե հեռու թուրքական ռումբերից և ասպատակող աշխարհազորայիններից, ինչպե՞ս կարող ենք ասել, որ մեկ դար առաջ կատարված հանցագործություններն անցյալում են։

Մենք չենք կարող ընտրողական մոտեցում ցուցաբերել, թե մարդկության դեմ հանցագործությունների որ մասը պետք է բարձրաձայնել, որը՝ ոչ», – ասաց Շիֆը: Մենք չենք կարող մեղմասացություններով քողարկել մարդու իրավունքների պաշտպանությունը: Մենք չենք կարող լռության մատնվել օտար պետության կողմից:

Փոխարենը, ինչ մենք կարող ենք ու պետք է անենք, պարո՛ն խոսնակ, փաստերը արձանագրելն է: Կարող ենք ասել, որ Օսմանյան կայսրությունը կատարեց այդ զարհուրելի ոճրագործությունը հայերի դեմ, բայց նրանց ոչնչացման քարոզարշավը ձախողվեց, և որ, առաջին հերթին, մենք երբեք չենք մոռանա ու այլևս երբեք ահաբեկված չենք լինի լռելու։

Շնորհակալ եմ Նյու Յորքից ներկայացուցիչ պարոն Էնգելին, Ֆլորիդայից ներկայացուցիչ պարոն Բիլիրակիսին և ճամբարի երկու կողմերից էլ շատ այլ անդամների, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են ճանաչման համար: Պալատի յուրաքանչյուր անդամի կոչ եմ անում այսօր միանալ ինձ՝ 296-րդ բանաձևի սատարման հարցում։ Այսքանը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել