Վարչապետի աշխատակազմը քննարկում է նոր ինքնաթիռ գնելու հարցը

Հայաստանի վարչապետի աշխատակազմը քննարկում է Փաշինյանի համար նոր ինքնաթիռի ձեռքբերման հնարավորությունը․ այս մասին հոկտեմբերի 30-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Վարչապետին սպասարկելու համար նոր օդանավ ձեռք բերելու հարցն այս պահին քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա»,– ասել է Աղաջանյանը։

Աղաջանյանը պարզաբանել է, որ ներկայիս օդանավը բավականին հին է և դրանից բխող ընթացիկ ծախսերը թանկ են։

«Նաև մենք ունենք տրանսատլանտյան չվերթեր իրականացնելու խնդիր, այն տեխնիկապես չի կարող հատել օվկիանոսը», – ասել է Աղաջանյանը` հավելելով, որ այդ խնդիրը վերացնելու համար կցաբակ ձեռք բերելը բավականին թանկ հաճույք է և, միգուցե, հաշվարկների արդյունքում պարզ դառնա, որ ավելի նպատակահարմար կլինի նոր ինքնաթիռի ձեռքբերումը։

Վերջերս «Հետք» հետաքննական կայքը հրապարակել է հոդված՝ «Ինչու՞ Փաշինյանը չէր կարող ԱՄՆ մեկնել կառավարական ինքնաթիռով, որն ունակ է հատել օվկիանոսը» վերտառությամբ։