Սահմանվելու է ուսուցիչների նվազագույն աշխատավարձ՝ 108 հազար դրամի չափով

Ուսուցիչների մեկ դրույքի նվազագույն աշխատավարձի չափը այլևս կախված չի լինի սովորողների թվից. այսօր կառավարության նիստի ընթացքում ընդունվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ, ըստ գործող բանաձևի, ուսումնական հաստատությունների տարեկան հասանելիք գումարը կախված է սովորողների թվից։ Ըստ Հարությունյանի՝ այս մոտեցումը որդեգրվել է 2001-ից՝ խթանելու դպրոցների միջև մրցակցությունը։ Սակայն հաշվի չի առնվել այն,որ դպրոցների զգալի մասը, որոնք միակն են բնակավայրում և սովորողների թիվը պայմանավորված է դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով, նրանք մրցակցությունից դուրս են։ Այս պարագայում աշակերտական համակազմ ունեցող դպրոցներին հատկացվող գումարը չի բավականացնում ծախսերը հոգալու, և վերաբաշխումների անհրաժեշտություն է առաջանում։

Նոր բանաձևով կկատարվեն մի շարք փոփոխություններ։ Փոքր աշակերտական համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների հասանելիք գումարը հաշվարկելիս հիմք կընդունվի նաև դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի մեծ մասը, ուսուցիչների վարձատրությունը։

Ըստ Հարությունյանի՝ թերհամալրված դպրոցներն են տարրական դպրոցում՝ մինչև 72 սովորող, հիմնական դպրոցում՝ 162 սովորող, միջնակարգ դպրոցում՝ 207 սովորող, վարժարանում և ավագ դպրոցում՝ 135 սովորող։

2020-ի պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրվել է ուսուցչական 1 դրույքի 108 հազարը, ինչը կարող է հասնել 125 հազարի որպես նվազագույն աշխատավարձ։

Տարեկան աշխատավարձի 10 տոկոսի բարձրացումը շարունակելու դեպքում, ըստ Հարությունյանի, նվազագույն աշխատավարձի չափը կհասնի 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակի։

Նախագծով վերանալու են վերաբաշխումները, քանի որ յուրաքանչյուր դպրոցի համար կապահովվի նվազագույն ծախսերին համապատասխան ֆինանսավորում։ Կհանվեն դասագրքերից համար վարձավճարի փոխհատուցման և տարրական դասարաններին սնունդով ապահովման ծախսերը, քանի որ պետական բյուջեով նմանատիպ ծախսեր նախատեսված են նաև առանձին միջոցներով։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել