Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդունել է պաշտոնից ազատվելու փոխքաղաքապետի առաջարկը։
«Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները: Պաշտոնավարմանս 8 տարիների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել և կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, ներմուծվել Երևանում երբևէ չցուցադրված կենդանիներ, բարձրացվել կենդանաբուժական ծառայությունների ստանդարտը, այգին դարձել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի թեկնածու անդամ:
Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ, և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում»,- Ֆեյսբուքում գրել է Խաչատրյանը:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կենդանաբանական այգու տնօրենին այսօր առաջարկել էր ազատել զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ տեղադրելով փոխքաղաքապետի խոսքը․
«Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»։
Նախօրեին թափառական շները կենդանաբանական այգում սպանել էին երեք կենգուրուի։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ անկում է ապրել երեք մուֆլոն։
Մարիա Եղիազարյան