ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մերժում է Թուրքիային դաշինքից հեռացնելու կոչերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մերժել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերը՝ նշելով, որ Անկարան «կարևոր դաշնակից է և ունի իր անվտանգությունն ապահովելու օրինական շահեր»․ այս մասին Սթոլթենբերգն ասել է Bild գերմանական թերթին տված հարցազրույցում։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում նշանակալի դեր է ունեցել՝ ոչնչացնելով այսպես կոչված «խալիֆաթը»։ Բացի այդ, ոչ մի այլ դաշնակից չի ընդունել այնքան շատ սիրիացի փախստական, որքան Թուրքիան՝ մոտ 3,6 մլն մարդ։

«Ոչ մի այլ դաշնակից այնքան շատ չի տուժել ահաբեկիչների հարձակումներից, որքան Թուրքիան»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Այսպիսով՝ Յենս Սթոլթենբերգը մերժել է արևմտյան քաղաքական գործիչների կոչերը Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դադարեցնելու վերաբերյալ։ Նա շեշտել է՝ ի տարբերություն Եվրամիության, ՆԱՏՕ-ն չունի մեխանիզմ, որը թույլ է տալիս դադարեցնել իր դաշնակցի անդամակցությունը կամ հեռացնել նրան։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է «Խաղաղության աղբյուր» օպերացիան, որը քննադատել են Վաշինգտոնն ու եվրոպական երկրները։

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել, որը նախատեսում էր Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուս-թուրքական համատեղ պարեկություն։ Հուշագրի համաձայն՝ քրդական զինուժը 150 ժամում պետք է դուրս գար Սիրիայի մերձսահմանային շրջաններից և նահանջեր դեպի երկրի խորք։ Հոկտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է հուշագրի պայմանների լիարժեք կատարման մասին։

Ինչ են պայմանավորվել Էրդողանն ու Պուտինը Սիրիայի հարցի շուրջ

Մեկնաբանել