Ռուսական Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն տարեվերջին կամ 2020-ի սկզբին․ Տոնոյան

Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում․ այս մասին ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ինքնաթիռները ժամանելու են կամ դեկտեմբերին կամ հունվար-փետրվար ամիսներին»,- ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ այդպես էլ նախատեսված է եղել:

***

Այս տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել չորս Սու-30ՍՄ կործանիչ։ Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Մոսկվան կործանիչները վաճառել էր ներքին գներով։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 12 միավոր (մեկ էսկադրիլյա) Սու-30ՍՄ կործանիչ։

«Մենք շարունակում ենք բանակցությունները Սու-30ՍՄ հաջորդ խմբաքանակի մատակարարումների շուրջ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կարող է պատրաստ լինել տվյալ արտադրանքը․ այնտեղ կան ներմուծման փոխարինման հարցեր և այլն։ Առաջին խմբաքանակը ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ մյուս տարվա սկզբին»,- ասել էր Տոնոյանը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում ռազմական վերլուծաբան, Հետազոտությունների և զարգացման հայկական ինստիտուտի պաշտպանական հետազոտությունների վարչության ղեկավար Լեոնիդ Ներսիսյանն ասել է, որ Ադրբեջանը դեռ այս մակարդակի ավիացիա չունի։

«Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանա պատասխանել այս գնմանը, ինչպես դա եղել է նույն «Իսկանդեր» հրթիռային համակարգերի դեպքում։ Որքանով տեղյակ եմ, մի քանի տարի առաջ նրանք փորձել են Ռուսաստանից նույն կարգի կործանիչներ գնել, բայց մերժում են ստացել»,- նշել է Ներսիսյանը։

Կարդացե՛ք՝

Հակառակորդը այս մակարդակի ավիացիա չունի. վերլուծաբանը՝ Հայաստանի կողմից Սու-30ՍՄ-ների գնման մասին

Հայաստանն իսկապես ունի՞ Սու30-ՍՄ կործանիչների կարիքը․ Էմիլ Սանամյանի անդրադարձը

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել