Ինչու է ՊՆ-ն չեղարկել ռուսական ORSIS ARMS-ի շահած մրցույթը

Անցյալ ամիս ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին զենքի վաճառքի մրցույթի տապալման համար։ Ավելի ուշ հերքվեց այդ լուրը։ Խոսքը վերաբերում էր ռուսական ORSIS ARMS ընկերությանը, որը Հայաստանում մասնակցել էր գնումների 2 միլիարդ դրամանոց մրցույթի, հաղթել, սակայն Հայաստանի ՊՆ-ն չեղարկել էր մրցույթի արդյունքները։ ORSIS ARMS-ի ու Հայաստանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության մատակարարման գործով ծագած վեճի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է գործում խառնված են ՊՆ նախկին և ներկա պաշտոնյաներ: Հայտնի է դարձել նաև, թե խոսքը ինչ զինատեսակի մասին է, պարզվել են ռուսական մասնավոր ընկերության կողմից տվյալ զինատեսակի մատակարարման մրցույթի չեղարկման պատճառները:

Գործին վերաբերող պաշտոնական փաստաթղթերից մի քանիսի պատճենները հայտնվել են մեր տրամադրության տակ, որոնք հետաքրքիր մանրամասներ են պարունակում մեծ աղմուկ հանած մրցույթի մասին: Թեման ծավալվում և նոր ընթացք է ստանում այն բանից հետո, երբ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը տարիներ շարունակ ՊՆ-ին զենք է մատակարարում, պաշտոնապես դիմում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ մատնացույց անելով տվյալ մրցույթի և առաջարկվող զինատեսակի հետ կապված խնդիրները:

Խնդրի պատմությունը

Ռուսական РИА Новости պետական գործակալությունն այս տարվա օգոստոսի վերջին, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնեց, որ Հայաստանին ՊՆ-ն չեղարկել է ռուսաստանյան «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի մաս կազմող ORSIS ARMS ընկերության շահած սպառազինության մատակարարման մրցույթը: Անհայտ աղբյուրներին հղումով նշվում էր, որ ընկերության համար անհայտ պատճառով ՊՆ-ն չեղարկել է մրցույթը, որից հետո ընկերությունը դիմել է իրավապահներին: Մրցույթի ու սպառազինության մասին որևէ մանրամասներ չէր հաղորդվում:

Հայտնի դարձավ, որ մրցույթին մասնակցած ORSIS ընկերության բողոքարկումից հետո հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի մասին լուրը հաստատեցին նաև պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը և Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ «ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ», հայտնում են դատախազությունից:

Այս պատմությունում եղան նաև միմյանց հակասող հայտարարություններ: Նախ նույն ռուսական ԶԼՄ-ները, հղում կատարելով անհայտ աղբյուրներին, նշեցին, որ ORSIS ARMS-ը մրցույթի չեղարկման հետ կապված դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՊՆ-ի, որը սակայն հերքեց «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի մամուլի ծառայությունը: «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնը, որի մաս կազմող հրազեն արտադրող Orsis ընկերության տնօրեն է աշխատել ոչ վաղ անցյալում Դմիտրի Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյ Ռոգոզինը, ՊՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների վերականգնման հույս է հայտնում: Սակայն անանուն աղբյուրները շարունակում են գուժել սպառազինության մրցույթի հետ կապված իրավիճակի վատթարացում՝ ընդհուպ միջպետական հարաբերությունների մակարդակի քննարկումներ և ՌԴ-ից սպասվող «բողոքի» նոտա:

Այս դիրքորոշումը առաջ է մղում նաև «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի հայաստանյան ներկայացուցչության՝ ORSIS ARMS ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Նման շահագրգռվածությունն անուղղակիորեն բացատրում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Ռուսաստանյան ORSIS-ը և հայաստանյան ORSIS ARMS-ը տարբեր իրավաբանական կառույցներ են»:

Արդյոք սա նշանակում է, որ նրանք ունեն տարբերվող շահեր այս կոնֆլիկտում: Սիրունյանի պատասխանը բացասական է: Նախ նա պնդում է, որ հայաստանյան ORSIS ARMS-ը ռուսաստանյան «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի դուստր ձեռնարկությունն է: «Դրանք տարբեր իրավաբանական անձեր են, սակայն հայաստանյան ORSIS ARMS-ը «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի քաղաքականության դաշտում է աշխատում, դուստր ձեռնարկությունն է»,- նշում է նա՝ հավելելով, որ այն հիմնադրվել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ և վերջինիս իմացույթամբ:

Ովքե՞ր են ORSIS ARMS-ի բաժնետերերը

ORSIS ARMS-ը, համաձայն ՀՀ պետռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2017 թ․, որի հիմնական բաժնետերերը եղել են ռազմական իշխանության ներկայացուցիչներ:

Նրանցից մեկը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյան է, իսկ մյուսը տևական ժամանակ ՊՆ-ում ծառայած, այժմ թոշակի անցած կադրային սպա Գևորգ Մանուկյանն է: Այնուհետև այս տարվա մայիսին, երբ սկսվում է ORSIS ARMS – Հայաստանի ՊՆ կոնֆլիկտը, Արթուր Գալաստյանը դադարեցնում է իր մասնակցությունն այդ ընկերությունում և իր մասնաբաժինը փոխանցում ոմն Վերգինե Սարգսյանի, որը, ինչպես հետագայում պարզվում է, ըներության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կինն է:

Արթուր ԳալստյանըՍիրունյանն ունի այս ամենի մասին իր բացատրությունը. «Ընկերությունը ստեղծվել է 2017թ․: Այդ ժամանակ Արթուր Գալստյանը և Գևորգ Մանուկյանը նախագահ Սերժ Սագսյանին և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ծանոթացրել են «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի ղեկավարության հետ: Որոշվել է ստեղծել այդ ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՊՆ-ի մրցույթներին մասնակցելու ու սպառազինություն մատակարարելու նպատակով: Իսկ Արթուր Գալստյանն ու Գևորգ Մանուկյանը դարձել են բաժնետեր հենց ռուսների խնդրանքով, քանի որ երկրում կոռուպցիա կա, որը ռիսկ է, իսկ դրանք մինամալացնել էր պետք: Պետք էին երաշխավորներ: Արթուր Գալստյանը, քանի որ ըստ օրենսդրության չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ, իր բաժնեմասը հանձնել էր հավատարմագրային կառավարման»:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Գալստյանն իր մասնացությունը դադարացրեց ORSIS ARMS ընկերությունում ճիշտ այն ժամանակ, երբ սկսվեց կոնֆլիկտը ՊՆ-ի հետ: «Արթուր Գալստյանը գնաց այդ քայլին ռուսական կողմի խնդրանքով ու հորդորով, որպեսզի ՊՆ-ի հետ կոնֆլիկտում նա հարվածի տակ չհայտնվի: Այդ բաժնեմասը պետք էր փոխանցել ահավտարիմ մարդու: Առաջարկեցի կնոջս՝ Վերգինե Սարգսյանի թեկնածությունը։ Համաձայնեցին»,- ասում է Սիրունյանը:

Այժմ ORSIS ARMS ընկերությունը պաշտոնապես չորս աշխատակից ունի: Սա պարզվում է ընկերության՝ ՊՆ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարած վճարումներից: Վերջին մի քանի ամսում ընկերությունը 4000 դրամ է վճարել այդ հիմնադրամ՝ 1000 դրամ մեկ աշխատակցի հաշվով:

Որսորդակա՞ն, թե՞ ռազմական ջերմատեսիլներ

Բանակի կարիքների համար հայտարարված, այնուհետև չեղարկված մրցույթը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ջերմադիտակ սարքերի ձեռքբերմանն էր վերաբերում:

Խոսքը ջերմատեսիլ (ջերմադիտակ) Dedal-T2.380 Hunter LRF սարքի մասին է, որն ըներությունն առաջարկել է մատակարարել ու ստացվել ԶՈՒ ԳՇ-ի պաշտոնյաների համաձայնությունը: Սակայն «Ունիկում Ինժիներինգ»-ի ներկայացրած փաստերով պարզվել է, որ այն որսորդական (հուշում է նաև «Hunter» բառը) նշանակության է և ռազմական պայմաններում օգտագործելու ենթակա չէ: Ավելին՝ ըստ ՊՆ-ում մեր աղբյուրների, լազերային հեռաչափ ունեցող ու եղանակային բարդ պայմաններում չաշխատող, հեշտ հայտնաբերվող ջերմատեսիլ սարքն առաջարկվել է շուկայականից շատ ավելի բարձր գնով: Այս ամենը հայտնի է դարձել «Ունիկում Ինժիներինգ»-ի՝ ՊՆ ղեկավարությանը հասցեագրած դիմումի հետ տրամադրած ծավալուն տեղեկանքից: Արդյունքում մրցույթը չեղարկվել է:

«Ունիկում Ինժիներինգ»-ի հիմնադիր Վարդան Բալայանը հաստատել է, որ մրցույթի հետ կապված դիմում է ուղղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: ORSIS ARMS-ից հերքում են ջերմատեսիլների մասին լուրը՝ նշելով, որ եթե դա է եղել պատճառը, ՊՆ-ն մրցույթը չեղարկելու իր որոշման մեջ պետք է խարդախության մասին հիշատակեր, այլ ոչ թե հղում աներ «փաստաթղթերի հետ կապված խնդիրներին»:

Ավելին, ORSIS ARMS-ն այս պատմության «մեղավոր» է համարում պաշտպանության փոխնախարար, գնումների գծով հիմնական պատասխանատու Մակար Ղամբարյանին: «Այս ամենի հետևում հենց Մակար Ղամբարյանն է կանգնած»,- նշում է Ալեքսանդր Սիրունյանը։ Նրան հերքում ու հակադարձում են ՊՆ-ից. «Մակար Ղամբարյանն իր պաշտոնական լիազորությունների շրջանակում հայտնաբերել է տվյալ մրցույթում առկա խնդիրներն ու չեղարկել այն»:

Մակար ՂամբարյանըԱյնուամենայնիվ, այժմ փորձ է արվում խնդրին տալ նաև արտաքին քաղաքական աստառ, որը շահարկումների ավելի մեծ դաշտ է բացելու: Այս վարկածի մասին են խոսում Ռուսաստանի ԱԳՆ-ից Հայաստանի ԱԳՆ-ին հասցեագրվող գրության, կամ ինչպես նշում են ռուսաստանյան ԶԼՄ-ների անանուն աղբյուրները, «բողոքի նոտայի» մասին վերջին շրջանի հիշատակումները:

Այդ գրությունը դեռևս ՀՀ ԱԳՆ չի հասել, բայց փաստաբան Սիրունյանը պնդում է, որ «ելքագրվող նամակն» անձամբ է տեսել: Ամեն դեպքում, ռուսաստանյան մասնավոր ընկերության հետ հնարավոր գործարքի չեղարկումը որոշակի քաղաքական երանգ արդեն ստացել է, որը պրոեկտվում է հայ-ռուսական հարաբերությունների ներկապնակի վրա: Այդ մասին ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի լրագրողն օրեր առաջ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Դա տենդեր է, առաջարկության, պահանջարկի հարց է։ Մեկնաբանելու բան չկա։ Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է։ Այդպես է և այդպես էլ կլինի։ Այդ ծավալի մեջ իրավիճակը մեկ ընկերության հետ և մեկ գործարքով, չեմ կարծում, թե այդքան շոշափելի է, որ մենք դա այժմ պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել