Հայաստանը կրկին ազատ է դասակարգվել համացանցում՝ ըստ Freedom House-ի

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության մասին իր ամենամյա զեկույցը (Freedom On The Net 2019): Այն ուսումնասիրել է համացանցի ազատությունը 6 տարածաշրջանների 65 երկրներում, որտեղ բնակվում է համացանցի օգտատերերի 87 տոկոսը։ Այդ երկրները ընտրվել են համացանցի ազատության բարելավումները և վատթարացումները քաղաքական տարբեր համակարգերում և տարածաշրջաններում լուսաբանելու համար։

Հայաստանը՝ 76 միավորով, եվրասիական երկրների ցանկում առաջատարն է։ Ուսումնասիրված երկրների ցանկում Հայաստանը 8-րդն է և արդեն երկրորդ անգամ է համարվում ազատ։ 2018-ի զեկույցում ևս Հայաստանը ազատ երկիր է համարվել։

Զեկույցում ազատ են համարվում 70-100 միավոր հավաքած երկրները։ Հարևան Վրաստանը ևս ազատ է՝ 75 միավորով։

Մասամբ ազատ են (40-69 միավոր) Ուկրաինան՝ 56 միավորով, և Լիբանանը՝ 52 միավորով։

Հայաստանի մյուս հարևանները ոչ ազատ (0-39) են համացանցում՝ Ադրբեջանը՝ 39 միավոր, Թուրքիան՝ 37 միավոր և Իրանը՝ 15 միավոր։

Համացանցը ազատ չէ նաև Ռուսաստանում (31 միավոր), Բելառուսում (35 միավոր), Ղազախստանում (32 միավոր) և Եգիպտոսում (26 միավոր)։

Ըստ զեկույցի՝ ամենաազատը Իսլանդիան է՝ 95 միավորով, իսկ ամենաանազատը՝ Չինաստանը՝ 10 միավորով։

Զեկույցում ասվում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո համացանցի ազատությունը Հայաստանում բարելավվել է, սակայն առցանց հարթակում աշխատող լրագրողները նոր կառավարության մասին քննադատական նյութեր հրապարակելու համար անախորժություններ ունեցել են։

«Փաշինյանի կառավարությունը խոստացել է զբաղվել երկարաժամկետ խնդիրներով, ինչպիսին են համակարգային կոռուպցիան, ոչ թափանցիկ քաղաքականությունը, թերի ընտրական համակարգն ու թույլ իրավական համակարգը։ Չնայած, որ կառավարությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում, դատական համակարգում քաղաքական միջամտությունների և պաշտոնյաների՝ մեդիայի հանդեպ ունեցած թշնամական հռետորաբանության մասին մտահոգությունները շարունակվում են»,- գրում է Freedom House-ը։

Զեկույցը ամփոփում է 2018-ի հունիսից 2019-ի մայիս ընկած ժամանակահատվածը։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել