«Պետք լինի՝ տարիներով դասադուլ կանենք». այսօր Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել` բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) որոշման հետ կապված:
Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները պնդում են, որ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը համալսարանում շատ կարևոր է, քանի որ դպրոցներում և համալսարաններում այս առարկաները անցնում են տարբեր մակարդակներով, և այս առարկաները պետք են մարդկանց գրագիտությունն ապահովելու համար։
Նրանք կազմակերպել են ստորագրահավաք, որին մասնակցում են ուսանողներ ինչպես հայ բանասիրության, այնպես էլ այլ ֆակուլտետներից ու համալսարաններից։
Ավել վաղ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:
Հոկտեմբերի 23-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հայաստանյան բուհերում այդ առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ։
Գեղեցիկ Ոսկանյան