«Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում, սա այդ իրավիճակը չէ»․ նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին, և ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ «Նախագա´հ, մի´ զիջիր» տիպի ակցիաներ անելու, որը հաճախ ձախողվել է և կարծում եմ, որ Դաշնակցությունը նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր, հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Իսկ այն, ինչ տեղի է ունենում կառավարության դիմաց, ըստ նախարարի, քաղաքական գործընթացներ են: Բարեփոխումների ծավալը մեծ է, և կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել, ինչը նորմալ գործընթաց է, և իրենք պատրաստ են այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, իսկ հիմա դրսում գտնվողները հակված չեն որևէ պահանջ ձևակերպելու, նրանք քաղաքական ակցիա են իրականացնում:
«Ինչո՞ւ նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո․ որովհետև բազմաթիվ անգամ տապալել են այս ոլորտի համակարգումը: Այն արկղերը, որ երեկ բերել են, պատրաստվում եմ լցնել տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկել իրենց»,- նշեց նախարարը:
Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ են հայտարարել՝ բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Ավելի ուշ նրանք դատարկ արկղեր են տարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց հետո իր իրերը դասավորի այդ արկղերում։
Կարդացե՛ք