Պետական գնումների համակարգը դարձրել ենք «թափանցիկ սենյակ». Սերգեյ Շահանզարյան

Վերջին մեկ տարում էական փոփոխություններ են կատարվել պետական գնումների ոլորտում՝ ուղղված դաշտի մրցունակությանը, մրցույթներին կեղծ ընկերությունների մասնակցության ռիսկերի նվազեցմանը և գնումների գործընթացների արդյունավետության աստիճանի բարձրացմանը: Միևնույն ժամանակ կտրուկ աճել է մեկ անձից գնումների քանակը, որն ըստ մասնագետների թեպետ օրինական է, սակայն կոռուպցիայի տեսանկյունից՝ ռիսկային: Այդ փոփոխությունների մեծ մասն այս տարվա նոյեմբերի 2-ից ուժի մեջ է մտել։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ:

– Պարոն Շահնազարյան, ի՞նչ հիմնական փոփոխություններ են կատարվել պետական գնումների ոլորտում վերջին մեկ տարում և ինչ խնդիրներ են դրանք լուծում:

– Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել բարելավել պետական գնումների համակարգը, բարձրացնել գնումների գործընթացների կազմակերպման արդյունավետության աստիճանը: Վերջին մեկ տարում այդ հանձնարարականի կատարման շրջանակում երեք ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Դրանք երեք խումբ խնդիրներ են, որոնք լուծվում են ենթաօրենսդրական, օրենսդրական փոփոխությունների միջոցով, իսկ վերջինը վերաբերում է գնումների նոր էլեկտրոնային համակարգ ունենալուն: Սա նախատեսված է իրականացնել մինչև 2020-ի ավարտը: Ենթաօրենսդրական ակտերի մակարդակում երկու խումբ փոփոխություններ արդեն արված են: Դրանք իրականացվել են փորձագիտական շրջանակների ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ քննարկումներով: Այսպիսով, լուծվել է մրցույթներում մասնակիցների քանակի մեծացման խնդիրը: Օրինակ՝ եթե նախկինում սուբյեկտն ուներ ժամկետանց վարկային պարտավորություններ, ապա զրկվում էր մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Այժմ հնարավորություն է տրվում ժամկետանց վարկային պարտավորությունները վճարելով` չզրկվել մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Սա ուղղված է ձևական պահանջներով հայտերի մերժման հնարավորությունների սահմանափակմանը: Լուծվել է նաև խնդիրների ևս մեկ խումբ՝ ուղղված ոչ պատշաճ բիզնես գործունեություն ծավալող ընկերություններին թույլ չտալու մասնակցել մրցույթներին: Այս փոփոխությունը ևս կատարվել է բոլոր պատվիրատուների ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ քննարկումների արդյունքում: Մենք հանդիպել ենք նրանց հետ, ստացել առաջարկներ, ամփոփել և ձևավորել դիրքորոշում: Դրանից հետո ևս մեկ անգամ քննարկումներ ենք ունեցել նույն կառույցների հետ, հասել փոխըմբռնման բարձր աստիճանի ու դրանից հետո նոր մշակել հիմնական փոփոխությունները:

– Կարո՞ղ ենք ասել, որ այժմ սպասում եք պետական գնումների մրցույթներին ավելի շատ ընկերությունների մասնակցության, այսինքն՝ մրցակցության դաշտի ընդլայնման:

– Նոր կարագավորումները նորեմբերի 2-ից ուժի մեջ են մտել: Դրանք երեք-չորս օր է՝ ինչ գործում են: Իսկապես ինստիտուցիոնալ բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների մասնակցությունը մրցույթներին և այս ընթացակարգերի արդյունքում հաղթող ճանաչվելու հանարավորությունները, մեր գնահատմամբ, էականորեն մեծացել են: Այս փոփոխություններից բացի, եղել են նորամուծություներ դաշտի կարգավորումներում, որոնք նախկինում մենք չենք ունեցել:

– Ի՞նչ նորամուծությունների մասին է խոսքը:

– Մինչև նոյեմբերի 2-ը գործող կարգավորումներով պատվիրատուները սահմանում էին պայմանագրերի կատարման համար որոշակի որակավորումներ ունենալու պահանջ: Դրանք էին՝ ա) նախկինում նման պայմանագրեր կատարած լինելը, բ) պայմանագիրը կատարելու համար համապատասխան աշխատանքային ռեսուրսներ ունենալը, գ) տեխնիկական ռեսուրսներ ունենալը: Այսինքն, եթե ընկերությունը ճանապարհաշինության մրցույթ է ցանկանում շահել, պետք է ունենա համապատասխան աշխատուժ, ասֆալտի գործարան, տեխնիկա և այլն: Մյուսը, ֆինանսական բաղադրիչն էր: Այսինքն՝ ընկերությունը պետք է ունենար փող պայամանագիրը կատարելու համար: Բայց փողի էլեմենտը գնահատվում էր հետևյալ կերպ՝ ընկերության վերջին երեք տարվա շրջանառությունը չպետք է ավելի պակաս լիներ, քան իր գնային առաջարկը: Բայց փորձը ցույց էր տալիս, որ այս պայմաններին բավարարելը դեռևս չէր երաշխավորում, որ տվյալ սուբյեկտները մինչև վերջ կկատարեն կնքած պայմանագրերը: Շատ էին դեպքերը, երբ շահում էին մրցույթներն ու պայմանագրերը չէին կատարում կամ պայմանագրեր չէին կնքում: Սրա հետևանքով պետության մոտ առաջանում են պայմանագրերի չկատարման խնդիրեր, իսկ պետությունը հանրության առաջ ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն և կատարվեն պատշաճ կերպով: Օրինակ՝ դպրոց պետք է կառուցվի, ու մեկ էլ մրցույթը շահած ընկերությունը կառուցապատումը կարող է կիսատ թողնել, ինչի արդյունքում խաթարվում է կրթական գործընթացի կազմակերպումը: Լինում էին դեպքեր, երբ ընկերությունները ստացած գումարն ուղղում էին իրենց այլ պարտավորությունների կատարմանը, ու խնդիր էր առաջանում շահած մրցույթի իրականացման հետ: Ուստի մենք տևական քննարկումների արդյունքում որոշեցինք որակավորման չափանիշների փոխարեն ներդնել որակի ապահովման ինստիտուտ: Սա նշանակում է, որ մրցույթը հաղթող մասնակիցն իր գնային առաջարկի 100 տոկոսի չափով պետք է ներկայացնի բանկային երաշխիք: Հանկարծ, եթե սուբյեկտն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի, պատվիրատուն՝ պետությունը, կաշխատեցնի բանկային այս երաշխիքն ու գնային առաջարկի 100 տոկոսանոց արժեքը բանկից կվերցնի ու կուղղի պայմանագրի կատարմանը: Բանկն էլ արդեն սուբյեկից կվերցնի… Ուստի բանկն էլ երաշխավորելիս արդեն կնայի, արդյոք տվյալ սուբյեկտն ի զորու է կատարել այդ պայմանագիրը: Այսինքն, եթե մարդը կարող է բարձրացնել 50 կգ ծանրություն, ուրմեն ինքը պետք է բարձրացնի 50 կգ, ոչ թե 200 կգ:

– Արդյոք Հայաստանում շա՞տ են ընկերությունները, որ բանկերից կարող են ստանալ նման 100 տոկոսանոց երաշխիքներ: Սա չի՞ հանգեցնի մրցույթներին մասնակիցների քանակի կտրուկ նվազեցման:

– Մի կարևոր նրբություն՝ բանկային երաշխիքի ինստիտուտը կիրառելի չէ մինչև 10 մլն դրամ արժողությամբ պայմանագրերի դեպքում: Միայն այդ շեմից բարձրի դեպքում է կիրառելի: Իսկ փոքրարժեք՝ մինչև 10 մլն դրամ արժողությամբ պայմանագրերը բավական շատ են: Պետությունն այս սեգմենտը համարել է համեմատաբար քիչ ռիսկային ու նաև ՓՄՁ-ին տվել է 100 տոկոս բանկային երաշխիքը ներկայացնելուց խուսափելու հնարավորություն: Ուստի ճիշտ չեն այն մեկնաբանությունները, որ ոչ ոք այլևս չի կարողանալու մասնակցել մրցույթներին: Սա կարևոր փոփոխություն է: Մենք ընթացքում մշտադիտարկում կանենք ու կտեսնենք՝ ինչպես կաշխատի այն: Եթե տեսնենք, որ իսկապես խդիր կարող է հարուցել, ապա կարող ենք բանկային երաշխիքի շեմն իջեցնել կառավարության որոշմամբ: Եվս մեկ կարևոր փոփոխություն է կատարվել, որ վերաբերում է շինարարական աշխատանքի տեխնիկական հսկողությանը: Այստեղ ևս կա բանկային երաշխիքի մաս, որը հավասար է կառուցվող օբյեկտի նախահաշվային գումարի 10 տոկոսին: Ավելի պարզ ասեմ, օրինակ՝ մեկը շահել է 100 մլն դրամ արժողությամբ օբյեկտ կառուցելու մրցույթ ու բերում է այդ գնի 100 տոկոսի բանկային երաշխիք: Հետո շինարարական աշխատանքի տեխնիկական հսկողություն սահմանող կազմակերպությունը, որը շահում է իր մասով մրցույթը և ներկայացնում ինչ-որ գնային առաջարկ պայամանգրի կատարման համար, ևս բերում է բանկային երաշխիք, բայց ոչ իր գնառաջարկի 100 տոկոսի չափով, այլ կապալառուի նախահաշվային գումարի 10 տոկոսի չափով, այսինքն՝ 10 մլն դրամ: Սա շատ կարևոր է, մենք այստեղ լուրջ խնիրներ ունենք: Ունենք դեպքեր, երբ 5 մլն դրամ արժե տեխնիկական հսկողությունը, այդ գումարով հայտարարում ենք մրցույթ, ընկերությունը գալիս է և 150 000 դրամով շահում է մրցույթը: Իսկ շինարարությունը պետք է տևի յոթ ամիս: Եթե այդ գումարը բաժանենք յոթ ամսվա վրա, կհասկանանք, որ իրականում տեխնիկական հսկողություն չի կատարվում: Ուստի կապալառուն իր թերությունները կոծկելու համար պետք է կոռուպցիոն ճանապարհով գումարներ վճարի, որ պայմանագիրը պահի: Սա արվել է շինարարության որակի բարձրացման համար:

– Այս տարի նախատեսված էր շուրջ 460 մլն դոլարի կապիտալ ծախսեր կատարել, սակայն առաջին կիսամյակի տվյաներով իրականացվել է այդ ծավալի միայն 17 տոկոսը: Այսինքն՝ չեն կառուցվել ճանապարհներ, ոռոգման գծեր և այլն: Ինչո՞ւ:

– Սա կարող է պայմանավորված լինել թե՛ գնումներով, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարով: Ես կխոսեմ միայն գնումների մասով: Այս հարցի լուծումը ևս տրված է նոր փոփոխություններով: Նախատեսված է, որ երբ կառավարությունը հաստատի միջնաժամկետ ծախսային ծրագիրը,- իսկ կառավարությունը դա անում է հունիսին,- բոլոր պատվիրատուները մինչև բյուջետային տարվա ավարտը պետք է կնքեն հաջորդ տարվա համար նախատեսված պայմանագրերը: Սա կատարվում է պայմանով, որ այդ պայմանագրերը սկսեն գործել մյուս տարվա հունվարից: Սա թույլ չի տա, որ ծրագրերի կատարման ուշացումներ լինեն: Ավելին՝ սա հնարավորություն կտա մրցույթների արդյունքում առաջացած հաշվարկային տնտեսումները հաջորդ տարվա առաջին եռամսյակի ժամանակ վերաբաշխել ու սկսել դրանց ծախսման գործընթացը: Այս փոփոխությունը ևս գործում է նոյեմբերի 2-ից:

– Նշեցիք, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում: Ե՞րբ այն պատրաստ կլինի, որ ներկայացվի Ազգային ժողով:

– Մենք հիմա նախապատրաստական փուլում ենք: Այդ փոփոխությունների փաթեթը ևս կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Կարծում եմ մինչև դեկտեմբերի 15-ն արդեն պատրաստ կլինի օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

– Մասնագետները բարձրաձայնում են, որ վերջին մեկ տարում կտրուկ աճել է մեկ անձից գնումների ծավալը: Այստեղ նրանք կոռուպցիոն ռիսկեր են տեսնում: Ո՞րն է մեկ անձից գնումների ծավալի կտրուկ աճի պատճառը:

– Նախ, մեկ անձից գնումների կատարումը օրենքով կարգավորված է: Սա օրինական է: Մենք չենք կարող ունենալ մի իրավիճակ, որ գնումներ չեն կատարվում մեկ անձից: Պետական մարմինները լուծում են խնդիրներ, և այդ գործընթացում նման տարբերակներ հնարավոր են: Օրինակ՝ կարող է մրցույթ անես ու չկայանա: Դու չես կարող սպասել ևս 50 օր, որ նոր մրցույթ անես: Օրենսդրությունն ասում է՝ գնա այդ օրերի համար մեկ անձից գնում կատարի, մնացածի մասով մրցույթ կազմակերպի: Սա օրգանիզմ է, որ չի կարող կանգնել: Չի կարող մանկապատրեզը սնունդ չառնել կամ դպորցը չվերանորոգվել: Այստեղ ևս փոփոխություն է եղել, որ պետք է հաշվի առնել: Թեկուզ անգամ մեկ անձից է արվում, դա ևս մրցակցային սկզբունքով է արվում: Այսինքն՝ չկա հնարավորություն, որ գնաս ու կոնկրետ մեկ նախընտրած կամ փոխկապակցված անձից գնում կատարես: Կրկին պետք է հրապարակել հայտրարություն, մրցույթի հրավեր շատ կարճ ժամանակով, որին կարող են մասնակցել տարբեր ընկերություններ: Այսինքն՝ պետությունն ասում է, էլի մեկ անձից արեք գնումը, բայց մրցույթին թույլ տվեք տարբեր ընկերությունների մասնակցել: Եվ սա արվում է էլեկտրոնային կարգով:

– Բայց սա արդեն իսկ մրցույթ է, ոչ թե մեկ անձից կատարվող գնում:

– Այո, սա մինի մրցույթ է: Կարող է անունը մեկ անձ է, սակայն օրենսդրական տեսանկյունից թույլ չի տրվում, որ պատվիրատուն իր նախընտրած կազմակերպությանը տա պայմանագիրը: Այսինքն, մի քանի ընկրություն կարող է մասնակցել:

– Ըստ մասնագետների` մեկ անձին գնումները պետությունն անում է ստիպված, քանի որ շատ ընկերություններ վերջին մեկ տարում ուղղակի հրաժարվում են մասնակցել պետական գնումներին: Նրանք վախենում են, որ հնարավոր է, ասենք, շինարարության մեջ որոշակի շեղումներ լինեն, ու իրենք ընկնեն քաշքշուկների մեջ՝ քրեական գործի հարուցում և այլն:

– Կարծում եմ՝ նման խնդիր իրականում չկա: Ավելին՝ դաշտն ավելի մրցունակ է դարձել մասնակցության համար: Չկան ձախ («լևի») փողեր ու կոռուպցիոն վճարներ: Հնարավոր է՝ մի չինովնիկ կամ պատվիրատու մի բան ասի ընկերությանը կամ պահանջի, բայց դա չի նշանակում, որ նա պետք է համաձայնի ու կատարի: Ընկերությունը ևս պետք է պաշտպանի իր շահերը: Եթե կապալառուն, ընկերությունն իսնտիտուցիոնալ, կայացած բիզնես է, նա չունի այդ ռիսկը: Զրո է նման ռիսկը: Եթե շահել է մրցույթը, և պայմանագիրը պետք է կատարի սահմանված պայմաններով ու տեխնիկական բնութագրերով, ապա ո՞րն է այստեղ խնդիրը: Իսկ շեղումների համար կան թույլատրելի չափեր: Ասենք, պայմանական եմ ասում, քաղաքաշինական նորմերը թույլ են տալիս շեղվել 5 տոկոս: Նշանակում է մինչև 5 տոկոս շեղումը նորմալ է: Բայց եթե շեղվում է 30 տոկոս, ապա դա արդեն խնդիր է: Մենք գնումների համակարգն այնպես ենք դարձրել, որ այն լինի մի թափանցիկ սենյակ, որտեղ բոլորը բոլորին տեսնում են և կարող են բոլորի գործողությունները բողոքարկել ու փոխել: Սա շատ կարևոր է:

Մենք գնումների համակարգն այնպես ենք դարձրել, որ այն լինի մի թափանցիկ սենյակ, որտեղ բոլորը բոլորին տեսնում են և կարող են բոլորի գործողությունները բողոքարկել ու փոխել: Սա շատ կարևոր է

– Կա՞ն այլ կարևոր փոփոխություններ, որոնք արվել են և կցանկանայիք ներկայացնել:

– Այո, ևս երկու կարևոր փոփոխություն, որ արել ենք: Առաջին, նոյեմբերի 2-ից հետո կազմակերպվող մրցույթների ապրանքների ձեռքբերման ընթացակարգերին մասնակցող բոլոր սուբյեկտները հայտերով պետք է ներկայացնեն իրենց առաջարկած ապրանքների տեխնիկական բնութագրերը: Այս տեղեկատվությունը հասանելի է լինելու բոլոր մասնակիցներին: Մինչև այսօր, միայն առաջին տեղ զբաղեցրած մասնակիցն էր ներկայացնում: Այժմ այն տարածվում է բոլորի վրա: Սկզբիցևեթ բոլորը պետք է իմանան, թե պատվիրատուն ինչ որակի ապրանք պետք է ունենա: Բայց սա առավելություն չի ստեղծի որևէ ընկերության համար մրցույթում հաղթելու տեսանկյունից: Այսինքն, եթե մի ընկերություն ներկայացրել է ֆրանսիական արտադրության ապրանք իր տեխնիական բնութագրերով, իսկ մյուսը գերմանական արտադրության, ապա սա մրցակցային առավելություն չի կարող լինել, քանի որ երկու ապրանքն էլ թույլ է տրված ներմուծել ու վաճառել երկրում:

Մյուս փոփոխությամբ պարտադիր է դարձվել, որ շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական փորձաքննությունը պետք է ապահովի պատվիրատուն: Մինչև այսօր գործող կարգավորումներով նախագծողն իրնքն էր տանում փորձաքննության: Հիմա այդ հնարավորությունը չկա: Պատվիրատուն ինքն է գտնում փորձաքննողին և ապահովում փորձաքննությունը: Նախագծող և փորձաքննող կապը կտրվում է: Եթե փորձաքննողը տեսնում է, որ նախագծում կան թերություններ, ապա պատվիրատուն դա փոխանցում է նախագծողին, որպեսզի վերացնի: Մինչև փորձաքննողը չի տալիս դրական եզրակացություն, մենք այն չենք ընդունում: Սրանով պայմանավորված՝ փորձաքննողի վրա ևս դրվել է պատասխանատվություն, որ եթե նա փորձաքննել է, տվել է դրական եզրակացություն, իսկ շինարարության ընթացում պարզվել է, որ 10 տոկոսից ավել շեղում կա, ապա շեղման փողի 50 տոկոսը վճարում է փորձաքննողը, իսկ 50 տոկոսը նախագծողը:

Մեկնաբանել