Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Այսօր նա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ։ Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիացիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։ Սա, իրավամբ, համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր»,- իր ելույթում ասել է Մնացականյանը։

«Ռուսաստանում բարձր են գնահատում ուշադրությունը, թե ինչպես են Հայաստանում փայփայում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը։ Բարի ավանդույթ է դառնում «Անմահ գունդ» ակցիայի անցկացումը, որոնց շարքերում այսօր տասը հազար մասնակիցների հետ անցավ նաև Հայաստանի նախագահ Ա․ Սարգսյանը»,- ասել է Լավրովը։

Լավրովի երկօրյա պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են նրա հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Ծիծեռնակաբերդ: