ԱՄՆ սենատոր Գրեհեմը արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը խնդրել է համաձայնություն տալ բանաձևին, որը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների խախտումների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների և ցեղասպանության ազնիվ հաշվետվության վրա»,- ասել է Մենենդեսը։

Վերջինս ասել է, որ լսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ասուլիսը։ Թուրքիայի նախագահը քննադատել է Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ու խոստացել ստեղծել պատմական հանձնաժողով։

Գրեհեմը հակադարձել է Սենատում բանաձևի ընդունմանը՝ նշելով, որ սենատորները «չպետք է ծաղկեցնեն պատմությունը կամ փորձեն այն վերաշարադրել»։

Թրամփը շատ դրական է նայում Էրդողանին, և դա զարմանալի չէ․ զրույց Էրիկ Հակոբյանի հետ

Սենատի կանոններով՝ յուրաքանչյուր սենատոր կարող է որևէ նախագիծ կամ բանաձև անցկացնելու համաձայնություն հայցել, և յուրաքանչյուրն էլ կարող է արգելափակել այն։

Գրեհեմի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի արգելափակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Թրամփի և Էրդողանի հետ։

«Հենց նոր հանդիպեցի նախագահներ Թրամփին և Էրդողանին՝ քննարկելու Թուքրիայի ռազմական ներխուժման արդյունքում մեզ համար ստեղծված խնդիրները։ Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը համատեղ կհասնեն խնդրի հանգուցալուծման»,- ասել է Գրեհեմը՝ հավելելով, որ ընդդիմանում է «ոչ թե անցյալով, այլ ապագայով պայմանավորված»։

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

Ստելլա Մեհրաբեկյան