Վրաններ՝ Թբիլիսիի կենտրոնում․ Վրաստանը՝ նոր իշխանափոխության շեմի՞ն

Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում տապալվել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը նախատեսում է 2020-ից անցում համամասնական ընտրակարգի։ Քվեարկությունից հետո ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ազդարարել են զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկի մասին։

Համամասնական ընտրակարգի սահմանումը այս տարվա հուլիսին Վրաստանում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցերի մասնակիցների պահանջներից մեկն էր։ Այն ժամանակ իշխող «Վրացական երազանքը» զիջումների էր գնացել՝ ստեղծելով խառը ընտրական համակարգից հրաժարվելու պատրանք։

Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի աջակցությունը, սակայն դրանց օգտին քվեարկել է ընդամենը 101 պատգամավոր։ Դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են լիարժեք համամասնական ընտրակարգով 2024-ից ոչ շուտ։

Ցուցարարները Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, վրաններ են խփել։ Հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական ընտրակարգով։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն ցրվելու այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չգնան զիջումների։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

.