Վազգեն Մանուկյանի «Վերնատունը» համաժողով գումարեց

Նոյեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը։

««Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում,- հայտարարեց ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը։- Հայաստանում վաղուց անհրաժեշտություն էր զգացվում մի հարթակի ստեղծման, որ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կարողանան հանդիպել և հանգիստ մթնոլորտում քննարկել այն հարցերը, որոնք կանգնած են ՀՀ առջև»։

Ելույթ ունեցավ նաև Դավիթ Շահնազարյանը և կարծիք հայտնեց, որ «բոլորին հավաքել է տագնապի աստիճանի հասնող մտահոգությունը, որովհետև մենք գտնվում ենք մեր պետության զարգացման հավանաբար ամենավտանգավոր փուլում»։

Համաժողովի մասնակից Ռուբիկ Հակոբյանի համոզմամբ՝ «երկրում կան քաղբանտարկյալներ՝ Նարեկ Մութաֆյանը, Սարգիս Օհանջանյանը, կա քաղաքական պատանդ՝ հանրապետության երկրորդ նախագահը, իսկ Նիկոլ Փաշինյանն ամբողջ համակարգը գերի է վերցրել»։ Նրա խոսքով՝ «Արցախի հարցն իսկապես մտել է փակուղի»։

Անդրանիկ Թևանյանն էլ պնդեց, թե «շատերին թվում էր, թե այդ «մենք»–ը հաղթել է 2018–ի գարնանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ երբ դու քո «ես»–ը և ամբոխի վերածված «մենք»–ը ինքնակամ հանձնում ես պատահական մարդու, ապա ստանում ես էժանագին սերիալ»։

«Վերնատան» համաժողովին ներկա էին Հանրապետական կուսակցության նախկին ու ներկա անդամներ՝ Արփինե Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Դաշնակցություն անդամներ՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ու նրան մոտ կանգնած անձինք։ Ըստ լուրերի՝ հրավիրվածնների ցանկում էր նաև պաշպանության նախկին նախարար, Մարտի մեկի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը, որը, սակայն, ներկա չէր։

Մեկնաբանել