Արթուր Բաղդասարյանն ապօրինի գո՞ւյք է ձեռք բերել. դատախազությունը հաղորդում է ստացել

ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, գրում է «Արմենպրեսը»:

Զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռք բերելու մեջ կասկածվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Գույքի արժողությունը կազմում է շուրջ 5 մլն դոլար:

Տարիներ առաջ իր նախընտրական ելույթներից մի քանիսում Արթուր Բաղդասարյանը նշում էր, որ որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ «իր պաշտոնեական դիրքը չի օգտագործել գույք կամ հարստություն ձեռք բերելու համար»: Անգամ ասում էր, որ հնարավորություն ունեցել է, սակայն ձեռնպահ է մնացել նման քայլերից:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել