Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Թամիմ բին Համադ Ալ Թանին շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ` նշելով, որ մեր երկրները հրաշալի հարաբերություններ ունեն։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, ինչպես նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։

Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման կարևորությունը։ Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ՝ նրանք նշել են առողջապահության, կրթության, գիտահետազոտական ոլորտները, ինչպես նաև Դոհայում ուսանելու հնարավորությունը։

ՀՀ նախագահի վերջին այցը Կատար տեղի է ունեցել 2017-ի մայիսին։ Դա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին արտասահմանյան այցն էր։ Նույն ժամանակահատվածում Հայաստանը վերացրել էր Կատարի քաղաքացիների համար մուտքի այցագիրը:

Մեկնաբանել