Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հատուկ քննչական ծառայությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով՝ դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Նշում է, որ պարզվել է՝ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012 թթ. ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:

Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, ապա այն համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը:

Բացի այդ, 2016 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին՝ Աշոտ Գևորգյանին, օտարելու վերաբերյալ: Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը, համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման և արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016 թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գևորգյանին:

19.11.2019 թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Լավրենտիկ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Աշոտ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել