Փաշինյանը մտադիր չէ ԼՂ բանակցություններում օգտագործել երեք նախագահներից որևէ մեկի բանաձևը

Նոյեմբերի 19-ին ռուսաստանցի լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հարց ուղղեց այն մասին, թե արդյոք «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրա վերաբերմունքի վրա»։

«Այժմ Հայաստանի բնապահպանության նախկին նախարարը գտնվում է հետախուզման մեջ, դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա, կամ օրինակ Ֆինանսների նախկին նախարարն այժմ բանտում է, դա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Հայաստանի ֆինանսների նկատմամբ իմ վերաբերմունքի վրա»,- հարցադրում արեց Փաշինյանը։

Նա նշեց, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը համար մեկ հարցն է Հայաստանի անվտանգության և մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար»:

«Դուք ցիտում էիք բանաձևեր, ես, անկեղծ ասած, նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների բանաձևերով: Ես այդ բանաձևի մասին արդեն խոսել եմ հրապարակային, ինչպիսին է իմ բանաձևը, որը ես առաջարկում եմ»,- հայտարարեց վարչապետը՝ կրկնելով իր այն թեզը, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»: Փաշինյանի խոսքով՝ ինքը Հայաստանի առաջին առաջնորդն է, որը խոսում է Ադրբեջանի ժողովրդի համար հարցի լուծման ընդունելի լինելու մասին, ինչի համար Հայաստանում քիչ չի քննադատվել։

Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ ինքն առաջին հերթին հիշատակում է Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, հետո Ադրբեջանի ժողովրդին, Ալիևն էլ թող ասի հակառակը:

«Եթե նա դա ասի, ապա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն արձանագրելու իրական ճեղքում բանակցային գործընթացում: Այսպիսին է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իմ բանաձևը, ինչը նշանակում է, որ ես չեմ պատրաստվում բանակցություններում օգտագործել ո՛չ Սերժ Սարգսյանի բանաձևը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի բանաձևը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևը»,- ասաց վարչապետը։

Լրագրողը հետաքրքրվեց, թե որն է Հայաստանի ժողովրդի համար ընդունելի լուծումը, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Գիտեք, ես խոսում եմ բանակցային գործընթացի կոնցեպտուալ հիմքի մասին: Եթե ես ասում եմ, որ յուրաքանչրյուր լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, ապա այնքան էլ կառուցողական չէ ասել՝ մենք ցանկանում ենք այսպիսի լուծում: Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին կոնցեպտուալ կերպով համաձայնվել նրանում, որ մենք պետք է աշխատենք այնպիսի լուծման ուղղությամբ, որն ընդունելի կլիներ երեք ժողովուրդների համար: Արդյոք կան նման տարբերակներ: Եթե նման պատրաստի տարբերակներ լինեին, ապա դա կլիներ այլ իրավիճակ, բայց եթե ես այդպես եմ խոսում, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք դրա վրա: Դա այն արդյունքն է, որին հնարավոր է հասնել այդ ուղղությամբ շատ քրտնաջան աշխատելով, և ես հրավիրում եմ մեր գործընկերներին, մեր ընկերներին աշխատել դրա վրա: Եվ ես նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլ նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։

Լրագրողների հետ հարցուպատասխանն ամբողջությամբ՝ այստեղ

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել