Երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում. Սերժ Սարգսյան

Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով, նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից․ նոյեմբերի 20–ին Զագրեբում ընթացող ԵԺԿ համաժողովում ասել է ՀՀ 3–րդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև։

Իր ելույթում 3–րդ նախագահը մասնավորապես ասել է. «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:

Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:

Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում:

Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»։

Մեկնաբանել