Հայաստանում կստեղծվի կանանց հարցերով խորհուրդ, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Խորհուրդը ստեղծվելու է ՀՀ վարչապետի որոշմամբ: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«….կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով՝ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, փոխնախարարներ և այլ պաշտոնյաներ:
#CivilNet #News