Կառավարությունը կաղում է ռազմավարական պլանավորման հարցում. Տիգրան Ջրբաշյան

Հայաստանի կառավարությանը հաջողվել է առնվազն լուծել մեր ամենախորքային և ամենամեծ հիվանդությունը՝ կոռուպցիայի խնդիրը: Այս հարցում լուրջ հաջողություններ են գրանցվել, որոնց շատ դրական է արձագանքել տնտեսությունը․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության արձագանքը նաև արտահայտվել է շուկայի ազատականացման հարցում: «Տարբեր տեսակի վերլուծություններ, որոնք մենք իրականացնում ենք, վկայում են այն մասին, որ տնտեսությունը արձագանքում է նմանատիպ քայլերին, օրինակ՝ բյուջեի եկամուտների ավելացումը հարկերի տեսքով։ Կոռուպցիայի դեմ պայքարը, իհարկե, ունեցել է նաև իր բացասական կողմերը, որովհետև չենք կատարել կապիտալ ծախսերի ծրագիրը, որով նաև որոշակիորեն զսպել ենք ապագա տնտեսական աճը, ինչպես նաև այս տարվա տնտեսական աճը», – նշեց Տիգրան Ջրբաշյանը՝ հավելելով, որ տնտեսությունը շատ բնական, անցումային փուլում է գտնվում, և կառավարությունը իրականացնում է իր քայլերը։

Մարտահրավերների հանդեպ ռազմավարական վերաբերմունքի մասին

Միևնույն ժամանակ, նա տեսնում է խնդիր, թե ինչպես է կառավարությունն ընկալում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում երկրի առաջ ծառացած մարտահրավերները:

«Խոսքը շատ ավելի լուրջ մարտահրավերների մասին է, քան կոռուպցիան ու շուկայի ազատ լինելը, շատ ավելի ֆունդամենտալ և օբյեկտիվ մարտահրավերներ, որոնք մեր տնտեսության ներքին կառուցվածքային իրավիճակով են պայմանավորված, մեր ժողովրդագրության, արտաքին աշխարհի հետ կապված մարտահրավերներով: Պետք է օգտագործել այդ մարտահրավերները՝ փորձելով դրանք փոխել հնարավորության և համապատասխան քաղաքական որոշումների։ Ռազմավարական վերաբերմունք ցուցաբերելով այդ մարտահրավերներին՝ փորձենք դրանք լուծել։ Սրան դեռ չենք անդրադարձել կամ փորձում ենք անդրադառնալ, սակայն կարծում եմ, որ դա առջևում է։ Դա դեռ լուծված չէ», – ասաց Ջրբաշյանը:

Ռազմավարական պլանավորման մշակույթի բացակայության մասին

Ընդհանրապես ռազմավարական պլանավորման մշակույթը Հայաստանում, նկատում է Ջրբաշյանը, չի սերմանվել։ Հայաստանում հաշվարկվել են ռազմավարական տիպի 76 գործող փաստաթղթեր, որոնք տարբեր տարիների տարբեր անուններ են կրել՝ ռազմավարություններ, հայեցակարգեր, քաղաքականություններ, գործողությունների ծրագրեր։ «Եթե նայում ես այդ ռազմավարություններին բովանդակային տեսանկյունից, դրանցից որևէ մեկը չի իրականացվել, և չէր էլ ենթադրվում, որ պետք է իրականացվեր։ Ամենամեծ խնդիրը դա է»,- ընդգծեց զրուցակիցը։

Նա խնդիր է տեսնում ընկալումների մեջ․ «Ռազմավարությունը փաստաթուղթ չէ։ Դա ապրող մեխանիզմ է, որը պետք է ունենա կյանքի որոշակի ցիկլեր, և այդ ցիկլերի շրջանակներում պետք է ամեն անգամ վերանայվի, համալրվի, իրականության հետ գնահատվի, վերափոխվի և շարունակի գործել։ Մեզ մոտ, ցավոք սրտի, այդ բոլոր տարբեր ժամկետներում ստացված փաստաթղթերը դիտվել են որպես ինչ-որ գրված փաստաթղթեր։ Ասեմ, որ մեծամասամբ դրանց հիմքում տարբեր միջազգային ֆինանսական կառույցների՝ այդ փաստաթուղթն ունենալու պահանջներն են եղել։ Գրվել է, դրվել է։

[…]

Իսկ իրականում ի՞նչ է ռազմավարությունը: Ռազմավարությունը քո գործողությունների առաջնահերթությունների որոշումն է, քո ֆոկուսի արտահայտումն է։ Մնացած հարցերն էլ են կարևոր, բայց այս պահին կարծում եմ՝ շատ ավելի արդյունավետ է այս խնդիրը լուծել։ Եթե մենք այդ տեսակետից ենք մոտենում խնդրին, այսօրվա գործող, շրջանառվող տարբեր տիպի ռազմավարական փաստաթղթերում այդ ուղերձը, թե ինչ ենք մենք ուզում, չկա: Ավելին՝ հաճախ այդ փաստաթղթերը մրցակցում են միմյանց հետ: Մենք ամեն ինչ գրում ենք դրանց մեջ՝ ուզում ենք շատ առողջ լինել, երիտասարդ, աչքներս կապույտ լինի, գումար լինի, ու ոչ մի բան մեզ դրա համար չլինի։ Ցանկությունների ցուցակ է։ Սա առաջին խնդիրն է»։

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, ռազմավարությունների՝ մոնիթորինգի ենթակա չլինելն է։ Դրանք պետք է լինեն չափելի, որովհետև այդ մոնիթորինգից կախված՝ հետո պետք է վերանայես ռազմավարությունը։

«Մեր ռազմավարություններում, որպես կանոն, առաջինը՝ չկան կոնկրետ միջոցառումներ, չկա այդ միջոցառումների համար անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկ՝ ըստ տարիների, չկան այդ ռեսուրսներից ու միջոցառումներից բխող այսպես կոչված արդյունքներ՝ էլի չափելի մոնիթորինգային ցուցանիշների իմաստով, չկա դրանց ազդեցությունը outcome-ի [արդյունքի – խմբ․] տեսքով և, վերջ ի վերջո չկա, թե դա ինչպես է ազդելու և ինչ է փոխելու մեր կյանքում»,- շեշտեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրենը։

Ջրբաշյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ կառավարությունում չկա ընդհանրական մոտեցում ռազմավարական պլանավորման հարցում․ «Գալիս է մյուս խնդիրը։ Արդյոք դրանք այս կամ այն նախարարության ռազմավարություննե՞րն են, թե՞ մեր կառավարության ռազմավարություններն են, որովհետև չկա այսօր աշխարհում որևէ ռազմավարություն, որը լինի կոնկրետ ինչ-որ նախարարությանը։ Օրինակ՝ զբոսաշրջության ռազմավարությունն իր մեջ ներառում է թե՛ ավիացիան ու տրանսպորտին վերաբերող հարցեր, թե՛ մշակույթին վերաբերող հարցեր, թե՛ կրթությանը։ Ես համոզված եմ, որ ամենակարևորը հենց կրթության ռազմավարությունն է»։

Պետական համակարգում իներցիայի մասին

Ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը, Ջրբաշյանի համոզմամբ, պետական համակարգում առկա որոշակի իներցիան է․ «Այսօր շատ դժվար է համարձակություն ունենալ վերցնել չափելի պարտավորություններ և չափելի ցուցանիշներ, որոնք պետք է իրականացվեն։ Մյուս կողմից, կա ռազմավարական փաստաթղթերի մի ընդհանուր մակարդակի խնդիր։ Շատ հաճախ մարդիկ խնդիր են տեսնում, երբ ինչ-որ բան շատ տարբերվում է, փորձում են ընդունել ամենամիջին մակարդակը։ Սա երկրորդ խնդիրն է։ Երրորդ խնդիրը, կարծում եմ, այն է, որ կա որոշակի ընկալում և անպատրաստակամություն ընդհանրապես կառավարությունում այսօր այդ ծրագրային կառավարման մոդելին անցնելու հարցում: Ավելի շատ այսօր յուրաքանչյուր նախարարություն գերադասում է ինքն իր ռազմավարությունը մշակել»։

Մեկ բան ակնհայտ է՝ «երբ առավոտյան բարձրաստիճան պաշտոնյան գալիս է աշխատանքի, իր սեղանին դրվում է որոշումների մի թղթապանակ, որին նա պետք է ծանոթանա, որոշումներ ընդունի»։

«Եվ եթե չկա որևէ հիմք, որով ինքը պետք է առաջնահերթություն սահմանի իր համար, այդ առօրյան սպանելու է… Այսօր մենք այդ իրավիճակում ենք։ Այսօր, ցավոք սրտի, չունենալով ռազմավարական ուղղորդիչներ, թե ինչն է առաջնահերթությունը, մեր կառավարությունը թաղված է ամենօրյա աշխատանքի, ամենօրյա գործառույթների մեջ։ Եվ դա, իմ կարծիքով, հիմնական մարտահրավերն է այսօր։ Պարզ օրինակ բերեմ։ Ողջունում եմ ամեն ինչով և կարծում եմ, որ շատ լավ լուծում էր լոուքոսթեր ավիաընկերություններին բերել Հայաստան։ Պետք է գնահատենք Տաթևիկ Ռևազյանի աշխատանքը, որն իրականում բավական լուրջ էներգիա, էմոցիաներ դրեց դա անելու համար։ Այդ փաստը եղավ, հունվարին սկսելու է թռչել։ Սակայն չկա այն հարցի պատասխանը՝ մենք ինչպիսի՞ ավիացիա ենք ուզում տեսնել տասը տարի հետո։ Երևանը դառնում է ուղևորափոխադրումների հանգույց՝ Չինաստանը Եվրոպային կապելու համար, Երևանը դառնում է հանգույց Աֆրիկայից դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռնափոխադրումների համար, Երևանը ընդհանրապես հանգույց չէ, միակողմանի սպասարկում է՝ Եվրոպա-Հայաստան և Ռուսաստան-Հայաստան չվերթները։ Այս հարցերի համակարգն այսօր պատասխան չունի։ Մենք չգիտենք, թե ինչ ենք կառուցում։ Երբ խոսում ես ռազմավարական տեսլականի մասին, կան ինչ-որ փաստաթղթեր, որ շրջանառվում են, բայց ամոթ է դրանք անվանել ռազմավարական։ Բայց երբ ուզում ես հասկանալ լոուքոսթեր ավիաընկերությունն ինչպես է մտնում այդ ռազմավարական տեսլականի մեջ, շատ դժվար է պատկերացնել»,- եզրափակեց Տիգրան Ջրբաշյանը։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել