Կգա ժամանակը, և Վանեցյանը «անպայման կխոսի»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն և երեկվանից՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել 168․am-ի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարին։ Սաթիկ Սեյրանյանի հարցերին Արթուր Վանեցյանը գերազանցապես տվել է կարճ պատասխաններ՝ հաստատելով, ժխտելով կամ հրաժարվելով պատասխանել այս կամ այն հարցին։ Հարցազրույցից մի հատված՝ ստորև։

Հարց- Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:

Պատասխան- Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:

Հարց- Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:

Պատասխան- Կարծում եմ՝ այո:

Հարց- Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:

Պատասխան- Ոչ, նման խնդիր չի դրվել:

Հարց- Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:

Պատասխան- Այո, սպասելի էր:

Հարց-Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:

Պատասխան- Չեմ պատասխանի այդ հարցին:

Հարց- Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:

Պատասխան- Չեմ պատասխանի այդ հարցին:

Հարց- Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան:

Պատասխան- Կարծում եմ՝ այո:

Հարց- Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:

Պատասխան- Չեմ պատասխանի այդ հարցին:

Հարց-Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:

Պատասխան-Եթե կարճ պատասխանենք՝ այո:

Հարց- Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան:

Պատասխան- Կարծում եմ՝ այո:

Հարց- Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:

Պատասխան- Այո:

Հարց- Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:

Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:

Հարց- Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:

Պատասխան- Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:

Հարց- Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:

Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:

Հարց- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:

Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:

Հարց- Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:

Պատասխան- Կարծում եմ:

Հարց- Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:

Պատասխան- Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:

Հարց- Ի՞նչ պլաններ ունեք, պարոն Վանեցյան: Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:

Պատասխան- Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:

Հարց- Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:

Պատասխան- Ինչի՞ համար: