Իրանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ դեսպանի՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցին

Հայաստանում Իրանի դեսպանությունն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցին՝ նրա որոշ պնդումներ որակելով «անհիմն և անվավեր»։

«ԱՄՆ Կառավարությունը, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և անտեսելով իր իրավական պարտավորությունները, տնտեսական ահաբեկչությամբ է թիրախավորել ժողովրդի կայնքը: Այդ երկիրը ունի մութ անցյալ՝ ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու և վերջիններիս աջակցելու գործում և ԱՄՆ ներկայիս նախագահը, այդ երկրի ներկայիս և նախկին պաշտոնյաները բազմիցս խոստովանել են դա:

Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ահաբեկչության ամենամեծ զոհերից մեկը, ունի թափանցիկ անցյալ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանի ժողովրդին՝ այս չարաբաստիկ երևույթից պաշտպանելու գործում։

Իրանի ջանքերը՝ Սիրիայում և Լիբանանում քրիստոնյա և հայ բնակչությանն ԱՄՆ–ի և այդ երկրի դաշնակիցների աջակցությունը վայելող ծայրահեղական խմբավորումներից պաշտպանելու գործում, այդ գործելաոճի վառ օրինակ է:

Չնայած ԱՄՆ դեսպանի այն պնդմանը, որ այդ երկրի կառավարությունը դեմ չէ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև էներգիայի փոխանակման ծրագրին, այդ երկրի անցյալը՝ տնտեսական գործիքների չարաշահման միջոցով տարբեր երկրների ժողովուրդների դեմ ճնշումների գործադրումը, վկայում է այն մասին, որ եթե այդ կառավարությունը հնարավորություն ունենար դիմակայելու տարածաշրջանային իրողություններին և հարևան երկու երկրների հարաբերությունների պահպանման և ընդլայնման ցանկությանը, չէր հապաղի ճնշել և խափանել իրանական գազի արտահանումը Հայաստան և խոչընդոտել երկու երկրների փոխհարաբերությունները:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վստահ է, որ երկու բարեկամ և եղբայրական երկրներ Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործընթացը կլինի շարունակական»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության արձագանքում:

Ինչ է ասել ԱՄՆ դեսպանը

«Մենք հստակ հասկանում ենք Իրանի նշանակությունը Հայաստանի համար: Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում Հայաստան-Իրան գազ էլեկտրականության դիմաց փոխանակումների ծրագրին»,- ասել է դեսպանն ու պարզաբանել, թե Իրանի հետ կապված որ հարցերն են մտահոգություն առաջացնում ԱՄՆ-ի համար:

«Մեր մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն: Սրանք շատ կոնկրետ և թիրախավորված ուղղություններ են»,- նշել է տիկին դեսպանը՝ նկատելով, որ այդ ուղղություններից դուրս այլ հարաբերությունների, օրինական առևտուրի վերաբերյալ ԱՄՆ-ն առարկություն չունի:

ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրան-Հայաստան համագործակցության հարցում. դեսպան Լին Թրեյսի

Մեկնաբանել