ՄԻՊ-ի ահազանգը․ ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում: ՄԻՊ-ի ահազանգին արձագանքել են արդեն Ոստիակնությունն ու Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո», – ասված է Թաթոյանի գրառման մեջ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեսանյութի վերաբերյալ հայտնել են, որ տեսանյութի հիման վրա Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվում Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից:

Տեսանյութին արձագանքել է Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ-ից հաղորդում են, որ տեսանյութի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:

«Նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր», – ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել