Իսրայելի զինված ուժերը․ ստեղծում, զարգացում, գերազանցություն


ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը դասախոսությունների շարք են անցկացնում` «Իսրայել Պետությունը ժամանակակից աշխարհում» խորագրով։ Նոյեմբերի 12-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի և հրեական համայնքի բաժնի ղեկավար Դմիտրի Մարյասիսը (Марьясис Дмитрий Александрович, Dmitry Maryasis) դասախոսություն կարդաց Իսրայելի պաշտպանության բանակի, նրա դերի, ստորաբաժանումների, միջուկային ծրագրի մասին։

Պատմություն

Իսրայելի պաշտպանության բանակը այլ բանակներից տարբերվում է նրանով, որ այն ազգային է. բնակչության 80 տոկոսը ծառայում է բանակում՝ և՛ տղաները, և՛ աղջիկները։ Տղաները ծառայում են երեք տարի, աղջիկները՝ երկու։ Սա վերաբերում է հրեաներին։ Արաբական բնակչության դեպքում մի քիչ առանձնահատուկ է։ Հասկանալի պատճառներով (Իսրայելը պայքարում է արաբական երկրների դեմ) արաբները պարտավոր չեն ծառայել բանակում, և նրանց ծառայության դեպքերը շատ չեն։

Բանակում չեն ծառայում նաև կրոնավորները, քանի որ զբաղվում են սուրբ տեքստերի ուսումնասիրությամբ և մշտապես սովորում են։

20-րդ դարի առաջին կեսին Պաղեստինում կային երեք հրեական ռազմական ստորաբաժանումներ։

Հագանան (եբրայերեն՝ պաշտպանություն) ռազմական ստորաբաժանում էր, որ պատկանում էր ձախական կուսակցությանը՝ Իսրայելի աշխատավորական կուսակցությանը (ՀաԱվոդա)։ Հագանայից հետագայում շատ հայտնի ռազմական և քաղաքական գործիչներ դուրս եկան, օրինակ՝ Մոշե Դայանը, Իցհակ Ռաբինը։ Հագանայում կար հատուկ արագ արձագանքման ջոկատ՝ Պալմախ, և երկու այլ ռազմական ստորաբաժանումներ, որոնք պատկանում էին ռևիզիոնիստների աջական կուսակցությանը՝ աշխատավորական կուսակցության հավերժ հակառակորդը։ Այսօր Իսրայելում իշխող կուսակցությունը այս կուսակցության ժառանգորդն է։ Այն ուներ երկու ստորաբաժանում՝ Էցել՝ ազգային ռազմական կազմակերպություն, որից հետո առաջացավ ավելի փոքր Լեհի կազմակերպությունը՝ ազատ Իսրայելի պայքարողներ։ Այս երկուսից էլ հետագայում հայտնի քաղաքական գործիչներ դուրս եկան, օրինակ՝ վարչապետ Իցհակ Շամիրը։

Երբ ստեղծվեց Իսրայել Պետությունը, յուրաքանչյուր կուսակցություն ուներ իր ռազմական կազմակերպությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բոլոր կուսակցությունները արձակում են իրենց ռազմական ստորաբաժանումները, ամբողջ զենքը անցնում է ընդհանուր պահեստին, ձևավորվում է ընդհանուր բանակ՝ Իսրայելի պաշտպանության բանակը (Ցահալ)։ Այն ենթարկվում է պաշտպանության նախարարին։

Այս պայմանավորվածությունը վերաբերում էր միայն Իսրայելի տարածքին։ Սա կարևոր է, քանի որ համաձայն Պաղեստինը բաժանելու ծրագրի՝ Երուսաղեմը պետք է լիներ առանձին միավոր (corpus separatum), ինչպես օրինակ Բեռլինը՝ պատերազմից հետո՝ միջազգային վերահսկողության տակ գտնվող առանձնացված գոտի։ Դա նշանակում է, որ այն Իսրայելի տարածքում չէ։ Այնտեղ կային Էցելի և Լեհիի ռազմական ստորաբաժանումներ (աջական)։ Ինչ-որ ժամանակ (1948-թարգմանիչ) Միջերկրական ծովի ափ մոտեցավ Ալտալենա (իտալերեն՝ ճոճանակ) անունով նավ։ Նավը կոչվել է աջական շարժման հիմնադիր, հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Եվգենևիչ Ժաբոտինսկիի գրական անունով։ Այնտեղ առաջին հերթին հայրենադարձ հրեաներ էին, իսկ երկրորդ հերթին՝ զենք, որը նախատեսված էր Երուսաղեմի և այնտեղ գտնվող կազմակերպությունների համար։ Օրենքի տեսանկյունից նրանք չէին խախտում պայմանավորվածությունը. չէ՞ որ դա Իսրայելի տարածք չէ։ Բայց Դավիդ Բեն Գուրիոնը՝ Իսրայելի առաջին վարչապետը, Իսրայել Պետության հիմնադիրը, կտրականապես դեմ էր դրան։

70 տարվա ամբողջ ընթացքում Իսրայելի բանակը քաղաքացիական խիստ վերահսկողության տակ է: Հեղաշրջում իրականացնելու ոչ մի դեպք չի եղել։ Իսրայելում բանակը սկզբունքորեն ապաքաղաքական է եղել

Հակամարտության արդյունքում նա հրամայեց կրակել Ալտալենայի վրա։ Ափից այդ նավը գնդակոծվեց ու խորտակվեց։ Նավաստիների մի մասը, որը նավը լքելու հրամանին չէր ենթարկվել, զոհվեց։ Աջական շարժման համախոհների շրջանում մեծ էր վրեժ լուծելու ցանկությունը։ Քաղաքացիական պատերազմի բռնկման մեծ վտանգ կար։ Սակայն աջականների քաղաքական առաջնորդը՝ Մենախեմ Բեգինը, կարողացավ մարել դա և ապստամբություն սկսելու հրաման չտվեց, չնայած, որ դրա բոլոր հնարավորությունները ուներ։ Իսրայելի բանակի և հանրության ձևավորման համար այս նախադեպը դրամատիկ էր, բայց ոչ ողբերգական։ Սա Իսրայելի պատմության միակ դեպքն էր, երբ բանակը՝ գոնե մի մասը՝ զենքը ձեռքին, հնարավորություն ուներ և պատրաստ էր քաղաքական գործողություն իրականացնել։ 70 տարվա ամբողջ ընթացքում Իսրայելի բանակը քաղաքացիական խիստ վերահսկողության տակ է: Հեղաշրջում իրականացնելու ոչ մի դեպք չի եղել։ Իսրայելում բանակը սկզբունքորեն ապաքաղաքական է եղել։

Հայեցակարգային հիմքերը

Չնայած Իսրայելի պաշտպանության բանակը իրոք ազդեցիկ և զանգվածային կազմակերպություն է, բայց Իսրայելը ռազմական հանրություն է հենց նրա համար, որ բանակը չի թելադրում կառավարության քաղաքականությունը և ենթարկվում է քաղաքացիական ղեկավարման։ Ի՞նչ է դա նշանակում։ Իսրայելի պաշտպանության նախարարները զինվորական շրջանից են դուրս եկել, բայց երբեք գործող զինվորական չեն։ Խորհրդային Միությունում, հետո՝ Ռուսաստանում երկար ժամանակ պաշտպանության նախարարը գործող զինվորական էր, իսկ Իսրայելում, որն ի դեպ այն ժամանակ շատ բան էր կրնօրինակում Խորհրդային Միությունից, երբեք նման բան չի եղել։ Եթե նախարարը նույնիսկ նա սպա է եղել, պաշտոնը ստանձնելիս դարձել է քաղաքացիական դեմք։

Այսօր կա օրենք, ըստ որի՝ զինվորական բարձր պաշտոնյաները բանակից զորացրվելուց հետո երեք տարի չեն կարող զբաղեցնել հանրային և պետական պաշտոններ։ Այդ շրջանը կոչվում է սառեցման շրջան։ Երեք տարի նրանք ճանապարհորդում են, գիտությամբ զբաղվում, կարող են ձեռնարկատիրությամբ զբաղվել, բայց քաղաքականությամբ զբաղվել չեն կարող։ Առաջին հերթին՝ որպեսզի հանգստանան, բանակային փոշին իրենց վրայից թափ տան, տեսնեն, թե ինչպիսին է քաղաքացիական կյանքը, երկրորդ՝ թուլացնեն կապը սպաների հետ։ Զինվորական ամենաբարձր պաշտոնը գլխավոր շտաբի ղեկավարինն է, որն ունի գեներալ-լեյտենանտի կոչում։

Իսրայել Պետության հիմնադիր հայրերը բանակում կարևոր էին համարում ինտեգրացիոն մեխանիզմը։ Բնակչության թիվը պետության գոյության երկրորդ տարում կրկնակի աճել էր։ Կայացվել էր որոշում, որ բանակը պետք է ունենա սոցիալական գործառույթ։ Ի՞նչ է դա նշանակում։ Օրինակ՝ եբրայերենի դասավանդում, էքսկուրսիաների կազմակերպում և գործառույթների այլ շարք, ինչը չկա այլ բանակներում։ Արդեն 1990-ականներին բանակում ծառայող կանայք գնում էին հրեական տարբեր համայնքներ, մասնակցում բնակչության սիոնիստական դաստիարակության միջոցառումներին մանկական ճամբարներում։ Նրանք չէին կրում համազգեստ, բայց այդպես էին անցկացնում ծառայությունը։ Հետագա տարիներին բանակի կրթական գործառույթը շատ ուժեղացավ։ Իսրայելի պաշտպանության բանակի գոյության հենց առաջին տարում միանգամից ստեղծվեց գիտական կորպուս՝ Հեմեդ անունով։ Այն հետո այլ կերպ անվանվեց և դարձավ նոր զենքերի մշակման մարմին, որը հայտնի է որպես լաբորատորիա Ռաֆայել։

Չնայած բանակի այդ ընդլայնված դերին, Իսրայելի պատմության մեջ և ժամանակակից Իսրայելում մեծ տեղ զբաղեցնելուն, լայն գործառույթներին՝ բանակը սկզբունքորեն ապաքաղաքական է և երբեք քաղաքական կարգախոսներ առաջ չի քաշել։ Իսրայելի ողջ պատմության ընթացքում պետական հեղաշրջման հնարավորության անգամ ակնարկ չի եղել։

Արաբա-իսրայելական պատերազմից (1973), ապա՝ Եգիպտոսի հետ հաշտության պայմանագրից հետո 1978-79-ին բանակի նկատմամբ վերաբերմունքի էրոզիա տեղի ունեցավ։ Հանրությունն ավելի հասուն դարձավ և սկսեց շատ բաներ քննարկել։ Այստեղ կա ռազմական հետախուզության ծառայությունը՝ Ամանը, ներքին անվտանգության ծառայությունը՝ Շաբակը, հետախուզության և հատուկ խնդիրների գաղտնի ծառայությունը՝ Մոսադը։

Հետաքրքիր է, որ մինչև 1970-80-ականները այդ ամենը շատ գաղտնի էր։ Հիմա հրապարակում են, թե ով է լինելու Մոսադի ղեկավարը կամ ով էր նախկինը։ Այն տարիներին, որոնց մասին խոսում ենք, ամեն ինչ գաղտնի էր, հանրությունը դրա մասին չգիտեր։ Հետո սկսեցին գրել, որ Մոսադում որոշ փոփոխություններ են եղել՝ առանց անուններ նշելու։ Հիմա այդ ամենը լրիվ ժողովրդավարական է։

1970-ականներին տեղի ունեցավ ժողովրդավարական գործընթաց, հանրային վերահսկողությունը մեծացավ հենց մարդկանց մակարդակում, սկսեցին քննարկել բանակը։ Հետո այդ ամենը մի քիչ հանգստացավ, բայց 2000-ականներին նորից վերադարձան այդ հարցին։ Առաջացան երկու սկզբունքային կարծիքներ։ Մի մասը ասում էր, որ բանակը, ամեն դեպքում, ոչ պաշտոնական ձևով վերահսկում է Իսրայելի հանրությունը՝ իր կարգավիճակի հաշվին, նրա հաշվին, որ բոլորը ծառայել են, և պետք է դա մեղմել։ Մյուս մասն էլ հակառակն էր ասում՝ հանրությունն այնքան շատ է վերահսկում բանակը, որ այն մարտի դաշտում չի կարող համարժեք գործել։

Ես կարծում եմ, որ ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է, բայց ամենակարևորն այն է, որ հանրության մեջ այս թեմայով բաց քննարկում կա։ Կարևոր է հասկանալ, որ բանակը սուրբ կով չէ, և այն կարելի է ու պետք է քննարկել։ Եվ սա Իսրայելի հանրության վերջին տասնամյակի կարևոր ձեռքբերումն է։

Բանակը սուրբ կով չէ, և այն կարելի է ու պետք է քննարկել։ Եվ սա Իսրայելի հանրության վերջին տասնամյակի կարևոր ձեռքբերումն է

Հիմա միաժամանակ մշակվում է քաղաքացիական հասարակության և բանակի փոխհարաբերությունների երեք հայեցակարգ։ Առաջին մոտեցումը քաղաքացիական ձևական վերահսկողությունն է և ռազմական սեկտորի ապաքաղաքականացումը։ Այսինքն՝ բանակն ընդհանրապես հանել քաղաքական դաշտից, նույնիսկ այն փոքր մասը, որով նա մասնակից է դրան։ Երկրորդը, ընդհակառակը, հանրության ռազմականացման գործընթացի օրինականացման շարունակությունն է։ Երրորդ հայեցակարգը բանակի պրոֆեսինալացումն է՝ քանակի աստիճանական նվազմամբ։ Ինչո՞ւ։ Այսօր տեխնոլոգիաները էական դեր ունեն, և հատկապես Իսրայելում դա նկատելի է։ Եվ հարկավոր չէ այդքան մեծ բանակ ունենալ։ Ներկայում հաճախակի են քննարկումները, որ թերևս հարկավոր է միայն պրոֆեսիոնալ ոչ մեծ բանակ, իսկ մնացած ամեն ինչը կանեն տեխնոլոգիաները։

Ես կարծում եմ, որ միգուցե ոչ հիմա, բայց 10-15 տարուց դա այն ուղին կլինի, որով կգնա Իսրայելը։ Չնայած բանակի՝ պատմության ընթացքում ստանձնած գործառույթների ու կարգավիճակի պատճառով քաղաքական գործիչների համար այդպիսի որոշում կայացնելը դժվար կլինի։

Ռազմական դոկտրին

Իսրայելի ռազմական դոկտրինը եզակի է սկզբունքային մեկ բանով՝ ոչ մի այլ երկրում դոկտրինը դուրս չի ելնում նրանից, որ երկիրը պետք է պայքարի ֆիզիկապես ողջ մնալու համար։ Երբ առաջին անգամ դոկտրինը ձևավորվեց (1949), արաբական երկրների մեծ մասը չէր ճանաչում ոչ թե պարզապես Իսրայելի սահմանները, այլ Իսրայելի՝ գոյություն ունենալու իրավունքը։ Դա նշանակում է, որ ռազմական դոկտրինը ստեղծվել է՝ ելնելով այն պատկերացումից, որ իրենց հետ կմղվի ոչնչացման պատերազմ։ Դա սահմանների կարգավորման, տարածքի մեծացման կամ փոքրացման, տնտեսական ռեսուրսների հարց չէ, այլ ֆիզիկական ոչնչացման հարց։ Սա մարդկանց գլխում շատ բան է փոխում։

Ի՞նչ պայմաններում է ձևավորվել Իսրայելի ռազմական դոկտրինը։

Իսրայելը զիջում էր բնակչության թվով։ 1940-50-ականներին այնտեղ 2-3 միլիոն մարդ կար, իսկ շուրջը արաբական ամենախոշոր պետությունն է՝ Եգիպտոսը։ Իսրայելի տարածքը փոքր է, հակառակորդն էլ կօգտագործի գերակշռությունը որպես կենդանի ուժ, ինչպես նաև տեխնիկան՝ քանակի առումով։ Սա նշանակում է, որ հաղթանակի կարելի է հասնել միայն հակառակորդի ռազմական ստորաբաժանումը արագ շարքից հանելով։ Երկարատև պատերազմ՝ հատկապես սեփական տարածքում, հնարավոր չէ։

Այս պայմաններում առաջին քսան տարիներին գերակշռել է այսպես կոչված առաջին հարվածի հայեցակարգը: Դրա դասական օրինակը տեսնում ենք 1967-ի Վեցօրյա պատերազմի ժամանակ, երբ ավիահարված հասցվեց Եգիպտոսի ավիաբազաներին։ Ոչ մի ինքնաթիռ չթռավ։ Հիմնական գաղափարը դա էր. այնպիսի հարված հասցնել, որը հետո չէր թողնի լուրջ հարձակման անցնել։

Այս համատեքստում միշտ շատ կարևոր դեր է ունեցել ավիացիան։ Ավիացիան գրոհիչ էլիտային ուժ էր։ Այն միակ ուժն էր, որ կարող էր պատերազմը հակառակորդի տարածք տեղափոխել։ 1973-ից հետո իրավիճակը փոխվեց՝ երկրի ոչնչացման վտանգը նվազեց, Եգիպտոսի հետ պայմանագիր կնքվեց, 1974-ին Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց։

1990-ականներին ստեղծվեց իրավիճակ, որը վառ արտահայտվեց 1991-ին, երբ Պարսից ծոցում պատերազմ սկսվեց։ Իրաքն այդ ժամանակ Իսրայել հրթիռ բաց թողեց, որին վերջինս չպատասխանեց, քանի որ ԱՄՆ-ը համառորեն խնդրեց դա։ Ի ուրախություն Իսրայելի՝ իրաքյան հրթիռները դիպուկ չէին, և շատ մարդ չզոհվեց։ Հրթիռի հայտնվելը նաև իրավիճակը փոխեց, այսինքն՝ հարկավոր չէ մղել այդքան մեծ քանակությամբ կենդանի ուժով և տեխնիկայով պատերազմ, այլ կարելի է հրթիռներ արձակել։

1990-ականներին տեղի ունեցան կարևոր փոփոխություններ՝ պաղեստինցիների հետ խաղաղության ակտիվ գործընթաց, հետո՝ պայմանագիր։ Իսրայելում հաշվարկում էին երկու բան։ Առաջինը, որ արաբները անցյալում ցույց են տվել իրենց՝ միասնական ճակատով հանդես գալ չկարողանալը, երկրորդ՝ արաբական երկրների մի մասի հետ ընթանում է խաղաղ գործընթաց, երկուսի հետ (Եգիպտոս, Հորդանան) պայմանագիր ենք ստորագրել, իրավիճակը լավանում է, պատրաստ ենք հեռանալ մեր օկուպացրած տարածքների մի մասից, որպեսզի արաբ հարևաններին հնարավորություն տանք մեզ հետ հարաբերությունները ավելի խաղաղ հունի մեջ գցել։

1998-ին Բենյամին Նեթանյահուն ստորագրեց Ուայ Րիվերի հուշագիրը, որով նա թողնում էր Հեբրոնի (քաղաք Արևմտյան ափի հարավում) մի մասը։ 1991-ին Իսրայելի նոր վարչապետ Էհուդ Բարաքը, որը հատուկ նշանակության զորքերից էր դուրս եկել, Իսրայելի ամենատիտղոսավոր զինվորականն էր՝ շքանշանների թվով, իսկ մինչ այդ գլխավոր շտաբի պետն էր, զորքերը հանեց Հարավային Լիբանանից: 2005-ին՝ այդ նույն գաղափարի շրջանակում, վարչապետ Արիել Շարոնը բնակչությունը և զորքը հանում է Գազայի հատվածից։ 2005-ի օգոստոսին տեղի ունեցավ Իսրայելի հետքաշումը այդ տարածքից։

Այդ պահից Իսրայելում գոյություն ունեցող հիմնական գաղափարն այն է, որ երկրի հիմնական խնդիրը մերձավոր շրջանակը չէ, այլ արտաքին շրջանակը՝ Իրան, Իրաք, Լիբիա, եթե խոսում ենք 2000-ականների սկզբի մասին։ Այդ պատճառով ռազմավարությունը, ըստ էության, պետք է փոխվեր։ Սակայն հետո ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք, Իրաքը առանց Հուսեյնի հայտնվեց այլ իրավիճակում, ապա տեղի ունեցավ Լիբիայի փլուզումը, և մնաց միայն Իրանը։

Այդ պատճառով էլ Իսրայելի ռազմական դոկտրինում փոփոխություններ եղան։ Այն հիմա այս տեսքն ունի։ Կա երեք ռազմավարական նպատակ՝ արաբական երկրների հետ ռազմական հակամարտություններ՝ սովորական զենքերի կիրառմամբ, ռազմական հակամարտություններ՝ զանգվածային ոչնչացման զինամթերքի կիրառմամբ՝ քիմիական, կենսաբանական, միջուկային, և երրորդ՝ Իսրայելի ներսում նվազ ինտենսիվ հակամարտություններ։

Գլխավոր սպառնալիքն այսօր Իրանն է և մուսուլմանական պետությունները։ 2015-ի դոկտրինն ասում է, որ պետք է կատարելության հասցնել զորքերի մանևրունաությունը, կիբերստորաբաժանումները, հետախուզության վրա շեշտադրումը և ավիացիոն, ծովային առավելության պահպանումը։ Հետաքրքիր է, որ ներկայիս դոկտրինը ռազմավարական տեսանկյունից պաշտպանական է, իսկ մարտավարական տեսանկյունից՝ հարձակողական։

Իսրայելի բանակը բաղկացած է ռազմածովային և ռազամաօդային ուժերից։ Կա հետևակազոր։ Հետևակազորը բաժանվում է երեք հիմնական շրջանի՝ հյուսիս, կենտրոն, հարավ։ Դրանց ղեկավարները Գլխավոր շտաբից են։ Կա Ռազմական հետախուզության տնօրինությունը՝ Ամանը, Հատուկ նշանակության զորքեր, հատուկ ստորաբաժանում Նահալը և Բագացը` Իսրայելի գերագույն դատարանը, որն իրավունք ունի դատել զինվորականներին։

Իսրայելում գործում է զինվորական գործունեության հետ կապված դեպքերը ուսումնասիրելու հատուկ մեթոդ։ Եթե ինչ-որ բան է տեղի ունենում, կազմավորվում է հանձնաժողով՝ Բարձրագույն դատարանի ինչ-որ դատավորի նախագահությամբ, որը որոշում է կայացնում։

Շատ հաճախ մարտական գեներալները շատ բան են անում քաղաքացիական վերահսկողությունը ամրապնդելու համար

Չնայած Իսրայելում բանակը ապաքաղաքական է, բանակի շատ գեներալներ տարբեր կուսակցություններում են։ Բոլոր կուսակցություններն ունեն իրենց (նախկին) գեներալները, նրանք շատ շուտ են թոշակի անցնում ՝ 45-46 տարեկանում, ինչին հաջորդում է երեք տարի սառեցման շրջանը։

Ինչո՞ւ են կուսակցական վերնախավերը սիրում գեներալների վերցնել իրենց շարքերը․ որովհետև բանակը շատ բարձր համբավ ունի․ բնակչության 67,5 տոկոսը, ըստ 2015-ի հարցման, աջակցում է բանակին և դրական վերաբերմունք ունի նրա նկատմամբ։ Հետաքրքիր է, որ շատ հաճախ մարտական գեներալները շատ բան են անում քաղաքացիական վերահսկողությունը ամրապնդելու համար։ Մենք տեսնում ենք Շարոնի, Բարաքի և այլոց օրինակները։ Առաջին հերթին, նրանք շատ են քաղաքականությունում, հասնում են բարձր դիրքերի, և երկրորդ, ինչը տարօրինակ է, նրանք գործում են քաղաքացիական և երբեմն նույնիսկ բանակային դիրքերից։ Միջին մակարդակում միջին հրամանատարությունից դուրս եկածները հանդես են գալիս որպես բանակային լոբբիստներ։

Տեխնոլոգիաները Իսրայելի բանակում

Ստեղծման առաջին տարիներին Իսրայելի պաշտպանության բանակում ստեղծվեց գիտատեխնիկական ստորաբաժանում, որի շրջանակում ծնվեց համակարգչային և տեղեկատվական համակարգերի կենտրոնը՝ Մամրամը։ Այն բանակի համակարգչային կենտրոնն է, որը գործում է 1959-ից և նախատեսված է տեխնիկայի մակարդակի բարելավման և տեղեկատվության մշակման համար։

Հիմնականում աշխատում են ամերիկյան համակարգիչներով։ 1959-ին Իսրայելում ստեղծվեց նաև սեփական համակարգիչը, սակայն բանակը որոշեց աշխատել ամերիկյան համակարգիչներով։ Ավելին, այդ կենտրոնում մշակված բոլոր տեխնոլոգիաները հանգեցրին նրան, որ մշակված տեխնոլոգիաներն սկսեցին օգտագործել կառավարման տարբեր համակարգերում։ Տեղեկատվական համակարգերը սկսեցին կիրառվել քաղաքացիական ծառայությունում, մասնավորապես՝ ֆինանսների նախարարության կառուցվածքներում։

Դա տեղի է ունենում մինչև հիմա։ Այդ ստորաբաժանման շատ շրջանավարտներ մեծ դեր են ունենում բիզնեսում։ Օրինակ, աշխարհում առաջին օնլայն մեսենջերի՝ ICQ-ի հիմնադիրև ևս Մամրամից է։ Գործում է նաև համակարգչային ծրագրերի բաժինը, որը տեղեկատվական համակարգերի ներդրումն է պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների կարիքների համար, այդ թվում՝ արբանյակային կապ և այլն։

Կան մի քանի խոշոր ընկերություններ։ Պետական ռազմարդյունաբերական ընկերություններից են Israel Aerospace Industries, Rafael-ը և այլն։

Նոր տեխնոլոգիաները Իսրայելի ռազմաարդյունաբերական ընկերությունների համար շատ կարևոր են, քանի որ փոքրաթիվ բնակչություն ունենալու պատճառով պետք է պատերազմել տեխնոլոգիաներով։ Rafael-ը շահույթի 80 տոկոսը ծախսում է հետազոտությունների վրա։ Հսկայական ռեսուրսներ ծախսվում են գիտահետազոտական մշակումների վրա։ Շատ աշխատակիցներ հետագայում բիզնեսում հաջողություններ են ունենում։

Իսրայելի գրեթե բոլոր նախարարություններում կա գիտատեխնիկական մշակումների համար պատասխանատու գերատեսչություն։ Բանակում ևս կա այդպիսի գերատեսչություն՝ Մաֆաթ անունով։

Վերջին շրջանում տնտեսության ոլորտում ստեղծվել է հատուկ ծրագիր, որտեղ երկակի նշանակության տեխնոլոգիաները սկզբում ընդունվում են և հետո ենթարկվում զուգահեռ մշակման։ Նախկինում կար ռազմական տեխնոլոգիա, որից, եթե հնարավոր էր լինում, վերցվում էր ինչ-որ մաս, և այն դառնում էր քաղաքացիական տեխնոլոգիայի հիմք։

Հիմա Իսրայելում հասկանում են, որ ռազմական շատ տեխնոլոգիաներ անմիջապես չունեն քաղաքացիական նշանակություն։ Մեկը մյուսից փոխառում են։ Քանի որ գործընթացի փոփոխության արագությունը մեծ է, այդ փոխառումը երկար է տևում։ Այս ծրագրի շրջանակում տեխնոլոգիան երկու ուղղությամբ զարգանում է։

Իսրայելի ռազմական տեխնիկան մի կարևոր հատկանիշ ունի՝ փորձարկում միանգամից տեղի է ունենում մարտական գործողությունների ժամանակ։

Միջուկային ծրագիր

Իսրայելը ստեղծվեց Երկրորդ աշխարհամարտից ու Հոլոքոսթից հետո։ Պետությունների առաջնորդներն իրոք վախենում էին, որ կլինի երկրորդ Հոլոքոսթ, որ Իսրայել Պետությունը կոչնչանա։ Պատերազմի ժամանակ եվրոպացիների պահվածքը ոչ մի հույս չէր թողել, որ արաբական բոլոր բանակների հնարավոր հարձակման դեպքում նրանք կօգնեն Իսրայելին։ Այդ ժամանակ խոսքը Իրանի մասին չէր, քանի որ մինչև 1979-ը Իրանի հետ հարաբերությունները լավ էին։

Բեն Գուրիոնը գրում էր, որ դա իրեն գիշերները քնել չէր թողնում։ Եվ նրանք իրոք այդ սպառնալիքի զգացումը ունեին, որ եթե իրենք իրենց չպաշտպանեն, ոչ ոք չի պաշտպանի։ Եվ փոքրիկ, դժբախտ ժողովուրդը, որը դժվարությամբ էր փրկվել Հոլոքոսթից, պետք է մի բան աներ՝ կանխելու երկրորդ Հոլոքոսթը։ Հարկավոր էր, որ հակառակորդ երկրներին էական վնաս հասցնելու ունակ ինչ-որ բան լիներ։ Եվ շատ արագ եկան այն գաղափարին, որ դա պետք է լինի ինչ-որ միջուկային բան։ Սրա մասին Իսրայելի պաշտոնական դոկտրինում հանճարեղ արտահայտություն էին մտածել՝ Իսրայելը չի լինի առաջին երկիրը, որը Մերձավոր Արևելքում միջուկային զենք կունենա։ Ի՞նչ է դա նշանակում․ որ նա դրանով չի պատերազմի, և կօգտագործի միայն ի պատասխան։

Միջուկային ռեակտորի մշակումը սկսվեց Ֆրանսիայի մեծ օգնությամբ։ Ամերիկացիները դեմ էին այս գաղափարին։ Իսրայելը մինչև այսօր պաշտոնապես չի խոստովանում միջուկային զենքի առկայությունը։ Դիվանագետներն ասում են, որ առաջին երկիրը չեն Մերձավոր Արևելքում, որ միջուկային զենք ունեն, բայց հասկանում ենք, որ 1960-ականների կեսից Իսրայելում միջուկային ռումբ կա։ Եվ հետաքրքիր է, որ դրանում կարևոր դեր է ունեցել Ֆրանսիան։

Եվ այսպես, 1960-ականների երկրորդ կեսին ավարտվեց միջուկային ծրագիրը։ Դա աննախադեպ էր, քանի որ սովորաբար ռումբերով զբաղվում են կայացած երկրները, իսկ Իսրայելը նոր էր ծնվել։ Սա տեղի է ունեցել չափազանց մեծ տնտեսական ջանքերով, նույնիսկ բեռնատար մեքենաներն ու բետոնը չէին հերիքում, երկրում բավական քանակով մարդ չկար։

Իսրայելում այդ ծրագիրը կա, գործում է, և հայեցակարգը չի փոխվել։ Նա չի պատրաստվում միջուկային զենքի իր գաղտնիքները բացել, ինչպես օրինակ Պակիստանից որոշ գործընկերներ։ Այն միայն սեփական օգտագործման, վերջին հույսի մարտի համար է, որ եթե Իսրայելի գոյության սպառնալիք լինի, երբ հանրության մեջ կոնսենսուս լինի, որ հիմա մենք նկուղից հանում ենք միջուկային զենքը, կամ մեր վերջը եկել է, այդ ժամանակ հնարավոր է գնալ այդ քայլին։

Պատրաստել է Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել