Քանի դեռ չկա իշխանությունների կամքը, լրագրողների այցերը զբոսաշրջային ուղևորություններ են․ Շահին Ռզաև

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ։ Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։ Հայ և ադրբեջանցի լրագրողները վերջին անգամ փոխադարձ այցելություններ են արել 2002 թվականին։ Ինչպե՞ս ընդունվեց լրագրողների փոխանակման գաղափարը Ադրբեջանում, և որքանո՞վ են նման նախաձեռնությունները արդյունավետ։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է JAM News-ի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևի հետ։ Վերջինս պատմում է նման այցերի մասնակցության իր փորձառության մասին։

– Ինչպե՞ս ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև լրագրողների փոխանակման գաղափարը Ադրբեջանի հասարակական, փորձագիտական, քաղաքական շրջանակներրում։ Վերջին անգամ նման այցելություն եղել էր 2002-ին։

– Այն մեծամասամբ բացասական է ընդունվել։ Օրինակ՝ ես անձնապես կարծում եմ, որ դա լրագրողների ուղևորություն չէր, քանի որ լրագրողները չպետք է աշխատեն գրաքննության պայմաններում՝ լինի դա իշխանությունների, հատուկ ծառայությունների, ԵԱՀԿ-ի, թե Հռոմի պապի կողմից։ Լրագրողը պետք է ազատ լինի թեմաների և դրանց լուսաբանման ձևերի ընտրության առումով։ 2002-ին ես մասնակցել եմ նման փոխանակման։ Մենք ելույթ էինք ունենում հայկական և ադրբեջանական հեռուստատեսությունների ուղիղ եթերում և գրում էինք՝ ինչ ուզում էինք, որտեղ ուզում էինք։ Ոչ մի սահմանափակում չկար։ Իհարկե, դրանից հետո կային քննարկումներ և քննադատություն, բայց ես չեմ հասկանում՝ ինչ օգուտ կարելի է ակնկալել, եթե նրանք կատարում են պաշտոնյաների ցուցումները։

– Մենք մոտեցանք երկրորդ հարցին։ Ինչո՞վ էր պայմանավորված այցերի գաղտնիությունը, անվտանգության նկատառումներից ելնելո՞վ, թե՞ այլ գործոններ նույնպես դեր են խաղացել։

– Իհարկե, անվտանգությունն էլ իր տեղը ուներ, հատկապես՝ 2016-ի սրացումից հետո, բայց կարծում եմ դա ավելի շուտ գործունեության պատրանք էր։ Արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են մեծացնել Կասպշիկի գրասենյակի բյուջեն [ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ – Սիվիլնեթ]։ Նա արդեն 25 տարի է այդ պաշտոնին է և պետք է ինչ-որ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի փող դուրս գրի։ Իմ կարծիքով՝ սա միջնորդների կողմից գործունեության պատրանք է, և՛ մեր իշխանությունները, և՛ Հայաստանի իշխանությունները դրանից օգտվել են, որպեսզի ժամանակ ձգեն և շարունակեն բանակցային այդ գործընթացը, որը ոչ մի կերպ չի անցնում առարկայական, սուբստանտիվ փուլ, ինչպես սիրում է ասել մեր նախարարը։

– Այսինքն՝ ես ճի՞շտ եմ հասկանում, որ տվյալ միջոցառումները չարժե անվանել ժողովրդական կամ հանրային դիվանագիտություն՝ հաշվի առնելով այդ ոչ հրապարակայնությունը։

– Ես իմ անձնական կարծիքը ասեմ, որ շատ հոռետեսորեն եմ վերաբերվում այսպես կոչված ժողովրդական դիվանագիտությանը։ Մեր երկրներում, ցավոք, խորը ավտորիտար ավանդույթներ են։ Հայաստանում, միգուցե, վերջին շրջանում ինչ-որ բան փոխվել է։ Եթե բուն իշխանությունները պատրաստ չլինեն ինչ-որ առաջխաղացման, ժողովրդական այդ դիվանագիտությունից՝ լրագրողների, բժիշկների, ՀԿ-ների մասնակցությամբ, ես ոչ մի օգուտ չեմ ակնկալում։ Եվ ամեն տարի իմ հոռետեսությունը խորանում է։

– Դուք մասամբ արդեն պատասխանեցիք այդ հարցին։ Այսինքն՝ Դուք կարծում եք, որ լրագրողների, ՀԿ-ների ներկայացուցիչների այցերը չե՞ն կարող նպաստել խաղաղության կառուցմանը, լարվածության թուլացմանը, կլիշեների և կարծրատիպերի կոտրմանը կամ ռազմական լուծման հեռանկարի՝ գոնե որոշ ժամանակով հետին պլան մղմանը։

– Այս պահին չեն կարող, որովհետև իշխանությունները դրանով հետաքրքրված չեն։ Եթե իշխանությունները դրանով հետաքրքրված լինեն, ապա լրագրողները կարող են ինչ-որ օգուտ բերել, այդ թվում՝ այդ կարծրատիպերը կոտրելու առումով, ինչպես Դուք ասացիք, կարող են փաստերի ստուգում անել, դա վստահություն կստեղծի, բացի այդ, հնարավորություն կտա լրագրողներին այցելել, ամեն ինչ տեսնել սեփական աչքով, համոզվել։ Ապատեղեկատվությունից երբեմն կամ հաճախ օգտվում են երրորդ կողմեր՝ հրդեհը բորբոքելու համար։ Եվ իշխանությունների բարի կամքի դեպքում լրագրողները կարող են օգուտ բերել, բայց, կրկնում եմ, որ իշխանությունները այդ կամքը չունեն, այդ այցերը դառնում են զբոսաշրջային ուղևորություններ այստեղ-այնտեղ։

– Եվ իմ վերջին հարցը։ Այսօր թեմայի մասին տարբեր հոդվածներ ընթերցելիս հանդիպեցի քաղաքական վերլուծաբանի այսպիսի մի ձևակերպման․ «Անկախ նրանից, թե ինչ մակարդակում է մարդասիրական փոխազդեցությունը, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շարունակելու են պատրաստվել պատերազմի»։ Դուք համաձա՞յն եք այս պնդման հետ։

– Լրիվ համաձայն եմ։ «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» ծեծված արտահայտություն է․․․, բայց մեր դեպքում փոքր միջադեպը կամ հատուկ կազմակերպված սադրանքը կարող են բերել իրավիճակի էսկալացիայի, ինչպես երեք տարի առաջ։ Եվ լրագրողները կարող էին օգուտ բերել իրենց իշխանություններին փաստերի ստուգման գործունեությամբ։ Իսկ հիմա մեր իշխանությունները դիտարկում են լրագրողներին որպես մրցակիցների կամ իրենց խանգարել ցանկացող մարդկանց, այլ ոչ որպես դաշնակիցների։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել