Հայկուհի Հարությունյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայկուհի Հարությունյանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածու են ինքնառաջադրվել Էդգար Շաթիրյանը և Հայկուհի Հարությունյանը։

Բաց քվեարկությամբ, 3 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայկուհի Հարությունյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019թ․։ Նոր կառույցը կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ չի զբաղվելու, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծելու է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։

Լուսանկարը՝ Հայկուհի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել