Երևանի աղբատար 54 մեքենաներից 20-ը նվիրատվություն է, ասել է քաղաքապետը 

Երևանի քաղաքապետարանը գործարար Սամվել Ալեքսանյանից աղբատար տեխնիկա չի ստացել․ այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի ժամանակ։

«Պարոն Ալեքսանյանի կողմից նվեր չենք ստացել և չենք շահագործում այս պահին իր տված որևէ մեքենա, բայց ասեմ մի բան, որ եթե պարոն Ալեքսանյանը կամ մեկ այլ գործարար մեզ նվիրի տեխնիկա՝ ինչքան շատ նվիրի, այնքան շատ շնորհակալ կլինեմ»,- ասաց Մարությանը։ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց էր ուղղել, թե ըստ լուրերի՝ Դավթաշենում շինարարություն իրականացնող անձը քաղաքապետարանին տասը «Կամազ» է նվիրել։

Մարությանը նշեց, որ Երևանին բազմաթիվ ընկերություններ, բազմաթիվ անհատներ, Երևանում և արտերկում ապրող հայրենակիցներ օգնում են տարբեր ձևերով՝ տեխնիկայից, աշխատուժի, բնակմակերեսի, մասնագետների տրամադրումով կամ ինչ-որ ծառայություն մատուցելով, և բնական է, որ նա չի հիշում բոլորի անունները։ 

«Ես գիտեմ միայն, որ մենք 34 մեքենա ենք գնել։ Այս պահին մեզ մոտ աղբահանությամբ զբաղվում է 54 մեքենա, հետևաբար մյուս 20 մեքենան նվիրատվություն է»,- ասաց քաղաքապետը։

Հայկ Մարությանը հայտարարեց, որ շարունակելու են ընդունել նվերները այն մարդկանցից, որոնք բացի սեփական գործունեությունից, մտածում են նաև Հայաստանի մասին, Երևանի մասին։ 

Սաթենիկ Հակոբյան